Էրդողանը Ռուսաստանի հետ պայքարում անպայման փորձելու է օգտագործել Ալիևին

- in Միջազգային

Մինչ հայաստանյան հանրության շրջանում աշխուժորեն քննարկվում են հայ-իրանական սահմանի վերաբերյալ կառավարության քայլերը՝ կորոնավիրուսի վտանգի համատեքստում, իրավիճակը որոշակիորեն թեժացել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում, Տավուշի ուղղությամբ, Կոթի գյուղի դիրքերում:

Ադրբեջանցիները կրակ են բացել դիրքերի վրա, ինչին հետևել է հայկական ուժերի պատասխանը: Ադրբեջանը հայտնում է մեկ սպանվածի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է մեր կողմից վիրավորված զինվորի մասին, որի կյանքին վտանգ չի սպառնում: Արծրուն Հովհաննիսյանը հերքել է հայկական դիվերսիայի մասին Բաքվի տարածած տեղեկությունը՝ ասելով, որ ընդամենը եղել է պատասխան Ադրբեջանի սադրանքին, և ընդ որում՝ դա հայկական պատասխանի, այսպես ասած, զուսպ տարբերակն է եղել:

Ինչո՞ւ է Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ գնացել իրադրության թեժացման, կրակոցների: Դա տեղի է ունենում Մյունխենի հայտնի քննարկումից հետո, որը, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և կամա թե ակամա դա սնուցած որոշ հայ փորձագետների, ավարտվել է, այսպես ասած, Ալիևի հաղթանակով: Այն, որ Ադրբեջանը մի քանի օր անց գնում է Տավուշի ուղղությամբ այդպիսի սադրանքի, դա արդեն իսկ բավականին խոսուն վկայություն է, թե իրականում դիվանագիտական-քաղաքական ուժերի ինչպիսի հարաբերակցություն է եղել Մյունխենում և առկա ընդհանրապես արցախյան հարցում, որը Ադրբեջանը փորձել է փոքր-ինչ, այսպես ասած, իր օգտին հավասարեցնել ռազմական սադրանքով: Հակառակ պարագայում հազիվ թե Ալիևը Մյունխենից մի քանի օր անց անիմաստ սադրանքով այսպես ավելորդ առիթ տար հայկական կողմին:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի սադրանքը տեղի է ունենում երկու իրողության՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում, որտեղ փաստորեն արձանագրվել է Երևանի առաջ քաշած Մյունխենյան սկզբունքների վերաբերյալ երկու հայկական պետությունների սկզբունքային համաձայնությունը, և ռուս-թուրքական բավականին թեժ բախման՝ Սիրիայի Իդլիբ շրջանում իրավիճակի առիթով, սակայն անկասկած շատ ավելի խորքային պատճառների և հանգամանքների բերումով:

Ահա այդ ֆոնին Բաքու է պատրաստվում այցելել Ադրբեջանի նախագահ Էրդողանը: Նա մասնակցելու է թուրք-ադրբեջանական բարձրագույն խորհրդի նիստին, ստորագրելու է ռազմական և քաղաքական փաստաթղթեր:

Մենք դեռևս օրեր առաջ էինք գրել այն մասին, որ Էրդողանը Ռուսաստանի հետ պայքարում անպայման փորձելու է օգտագործել Ալիևին, իսկ Ալիևն էլ բնականաբար այդ առումով փորձելու է Էրդողանից ստանալ ինչ-որ բոնուսներ իր համար: Կլինի դա Արցախի՞ ուղղությամբ, թե՞ Ադրբեջանի ներքին հարցերի՝ միարժեք ասելն իհարկե դժվար է, որովհետև երկու առումով էլ Ադրբեջանի նախագահը փակուղում է: Թեև, իհարկե, այդ փակուղին որոշակիորեն փոխկապակցված է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments