Թեժ վեճեր ԱԺ-ում հակածխախոտային նախագծի քննարկման ժամանակ

- in Սոցիալական
Cxaxot cxel

Ազգային ժողովում քննարկվում է ծխախոտային արտադրանքի սպառման ու վաճառքի ծավալները սահմանափակող օրենքի նախագիծը, որը թեժ հակասություններ է առաջացրել խորհրդարանում: Այս անգամ, սակայն, բանավիճող կողմերը Իմ քայլը խմբակցությունից են:

Նախագիծը քննադատության են ենթարկել նաև Լուսավոր Հայաստանի պատգամավորները: Գուրգեն Բաղդասարյանը նշել է, որ կառավարությունը խաբել է, չի ընդունել պատգամավորների առաջարկված փոփոխությունները և բերել է նույն օրինագիծը:
Նախագիծը ներկայացրել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: ԱԺ Իմ քայլի պատգամավորներ կոշտ քննադատեցին Նանուշյանին: Լուսինե Բադալյանին զայրացրել էր Նանուշյանի և իր գործընկեր պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ելույթները: Բադալյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունը ստում է, որ նախագիծը կազմվել է խորհրդարանի հետ համագործակցությամբ: Նա ասել է, որ պատգամավորների ներկայացրած տասնյակ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Լուսինե Բադալյանը նշել է, որ եթե շարունակեն նախագծին վերաբերյալ առարկություններ ունեցող պատգամավորներին մեղադրել «Ֆիլիպ Մորիսի» օգտին լոբինգի մեջ, զրպարտության համար դատարան կկանչի Նանուշյանին: Լուսինե Բադալյանը նաև անբովանդակ որակեց Հերիքնազ Տիգրանյանի ելույթը, որն իր հերթին անբովանդակ էր համարել նախագծի դեմ ելույթները:

Լենա Նանուշյանին կոշտ քննադատեց նաև Իմ քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ կապված ՄԻԱՎ կանխարգելման կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հետո միավորելու ծրագրի և մի շարք պատգամավորների հասցեին Նանուշյանի ֆեյսբուքյան գրառման հետ:

Հակածխախոտային նախագիծը թերի որակեց և քննադատեց նաև Իմ քայլի պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա նշեց, որ ոչ ոք չի հերքում, որ ծխելը վնասակար է և պետք է վերացվի, սակայն նշեց, որ շտկելու շատ բաներ կան նախագծում, ինչպես նաև հաշվի չեն առնվում տնտեսվարողների շահերը, որոնք բյուջեի համար մեծ մուտքեր են ապահովում: Նրա խոսքով, պետք է հավասարակշռված մոտեցում գտնել:

Նախագծի պաշտպանությամբ հանդես եկան Իմ քայլի պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանը, Շիրակ Թորոսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սարգիս Խանդանյանը և ուրիշներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments