Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է Բաքու: Ադրբեջանում նա կմասնակցի երկկողմ բարձրագույն խորհրդի նիստին: Բաքու Էրդողանի այցը տեղի է ունենում ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին, որ առաջացել է սիրիական Իդլիբի առիթով:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի ադրբեջանական այցը մեկնարկում է թուրք-ադրբեջանական, այսպես ասած, մինի-ճգնաժամով: Համենայնդեպս, առնվազն ադրբեջանական մամուլի մակարդակով այն դրսևորվում է, իսկ հաշվի առնելով հանգամանքը, որ մամուլն Ադրբեջանում, մեղմ ասած, ազատ չէ, հնարավոր է եզրակացնել, որ մամուլի շուրթերով բարբառում է Բաքուն:

Իսկ բանն այն է, որ Թուրքիան որոշում է կայացրել փակել Նախիջևանի հետ սահմանային միակ անցակետը՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով: Թուրքիան այդ որոշումը կայացրել է երկու օր առաջ, ինչպես ադրբեջանական մամուլն է գրում՝ առանց Բաքվի հետ խորհրդակցության: Եվ Բաքվում տարակուսում են, որ Նախիջևանում ու Ադրբեջանում վարակ չկար, բայց Թուրքիան փակեց սահմանը:

Թուրքիան իհարկե ունի իր տրամաբանությունը՝ Իրանի հետ սահմանը Ադրբեջանը բաց է պահում, և կա վտանգ, որ վարակակիրը կարող է անցնել Նախիջևանից Թուրքիա: Սակայն ակնառու է, որ Անկարան որոշումը կայացրել է Ադրբեջանի հանդեպ արհամարհական ռեժիմում: Իհարկե, Բաքվում արդեն կան կորոնավիրուսակիրներ, որ եկել են Իրանից: Բայց դա՝ հիմա, իսկ երբ Թուրքիան փակել էր սահմանը, դրանք չկային:

Ինչո՞ւ է Բաքու այցից առաջ Էրդողանը որոշել այդպիսի դեմարշ անել Ալիևի նկատմամբ: Նա Բաքվում Ադրբեջանին անելու է առաջարկ, որը ընդունելի չի՞ լինելու Ալիևի համար, թե՞ Էրդողանը Բաքու է գնում ֆորմալ իմաստով Ալիևի հետ հանդիպման, իսկ դե ֆակտո՝ Բաքվում Ադրբեջանի նախագահը այլևս վաղուց իշխանության առնվազն միակ կրողը չէ և այն կիսում է կողակցի հետ, ինչպես, այսպես ասած, բարձը: Այդ տեսանկյունից, ի դեպ, ինչպես նկատել են նաև հայաստանյան փորձագետներ, ուշադրության է արժանի նախորդ տարեվերջին Մեհրիբան Ալիևայի Մոսկվա այցը, որն առաջինն էր առաջին փոխնախագահի պաշտոնում և գործնականում քաղաքական քննություն Ալիևայի համար: Ավելին, այդ ու դրան հաջորդած խորհրդարանի արտահերթ ընտրության ֆոնին էլ երկրորդ այցը՝ Վատիկան, ուր Ալիևան մեկնեց իհարկե ամուսնու հետ, սակայն հենց ինքն արժանացավ Հռոմի պապի պարգևին:

Ակնառու է, որ Մեհրիբան Ալիևայի համար Թուրքիան կամ Էրդողանը ոչ միայն առաջին տեղում չէ, այլ նույնիսկ երկրորդում էլ չէ: Իսկ Ալիևան Ադրբեջանում դեռևս առաջինը չէ, բայց արդեն թերևս հաստատ երկրորդն էլ չէ: Արդյոք Էրդողանի դեմարշը Բաքվի հանդեպ Մեհրիբան Ալիևայի դեմարշի պատասխա՞նն է: