Ինչո՞ւ որեւէ այլ քաղաքական ուժ չնախաձեռնեց «Ոչ»-ի շտաբի ձեւավորումը

- in Ընտրություններ
Yntrutyun

Եվ այսպես, ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկը չստանձնեց «Ոչի» շտաբի ձեւավորման պատասխանատվությունը: Դաշնակցությունը կոչ արեց բոյկոտել ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն, իսկ ՀՀԿ-ն հայտարարեց, թե որեւէ կերպ չի մասնակցելու քարոզարշավին, որովհետեւ հանրաքվեն համարում է հակասահմանադրական, իսկ դրա օրակարգը՝ կործանարար:

Քաղաքական ուժերի՝ առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս դիրքորոշումներն իրականում լավ հաշվարկված են: Դաշնակցության դեպքում ամեն ինչ հասկանալի է. այդ կուսակցության վարկանիշն այնպիսին է, որ հազիվ թե «ոչ» քարոզելը լուրջ արդյունք տար, իսկ ահա բոյկոտի կոչը հետագայում կարելի է ներկայացնել որպես շատ արդյունավետ քայլ: Բանն այն է, որ հանրաքվեների ժամանակ, որպես կանոն, ընտրողների ակտիվությունն առանձնապես մեծ չի լինում՝ լավագույն դեպքում 50-55 տոկոս, այսինքն՝ քաղաքացիների 45-50 տոկոսն այսպես թե այնպես չի գնում տեղամասեր: Իսկ արդյունքների հրապարակումներից հետո Դաշնակցությունը կհայտարարի, թե այդ 45-50 տոկոսն իր կոչին հետեւելով՝ բոյկոտել է հանրաքվեն: Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա եթե նրանք պաշտոնապես «ոչ» քարոզեին՝ ամենայն հավանականությամբ դա հակառակ էֆեկտը կունենար. մարդիկ նրանց «ինադու» ավելի ակտիվորեն կմասնակցեին հանրաքվեին ու «այո» կասեին: Դրա համար էլ ՀՀԿ-ն դիմել է այսպիսի խորամանկության՝ հայտարարում է, թե քարոզարշավին չի մասնակցելու, եւ միաժամանակ հանրաքվեն հակաօրինական ու կործանարար է անվանում (ինչն ինքնին արդեն իսկ քարոզչություն է):

Հիմա՝ այն մասին, թե ինչու որեւէ այլ քաղաքական ուժ չնախաձեռնեց «Ոչի» շտաբի ձեւավորումը: Բանն այն է, որ հանրաքվեից առաջ Հայաստանում բավականին յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել, որի առանձնահատկությունը հետեւյալն է՝ «այո»-ն» կարող է եւ չհաղթել, բայց «ոչ»-ը միանշանակ դատապարտված է ջախջախիչ պարտության: Գործնականում սա նշանակում է հետեւյալը. իշխանությունների համար մոտ 650 հազար «այո» ապահովելը հեշտ չի լինելու, բայց անկախ նրանից, թե քանի «այո» կլինի, «ոչ»-ը միանշանակ առնվազն մի քանի (եթե ոչ մի քանի տասնյակ) անգամ պակաս է լինելու: Եվ բնականաբար, քաղաքական որեւէ ուժ չի ցանկանա ստանձնել այդ «ոչ»-երի չնչին թվի պատասխանատվությունը, որովհետեւ եթե անգամ «այո»-ն չանցնի՝ դա լինելու է ոչ թե «ոչ» քվեարկողների, այլ հանրաքվեին չմասնակցածների շնորհիվ, իսկ «ոչ»-ի քարոզիչներն այսպես թե այնպես խայտառակ են լինելու: Այստեղից էլ՝ քարոզարշավին որեւէ ձեւով չմասնակցելու եւ հանրաքվեն բոյկոտելու մարտավարությունը:

Ի դեպ՝ հետաքրքիր պատկեր է ստացվում նաեւ այն դեպքում, եթե մի կողմ ենք դնում հանրաքվեի բովանդակային բաղադրիչը եւ հարցին նայում քաղաքական ուժեր-ժողովուրդ հարաբերությունների տեսանկյունից: Մեծ հաշվով՝ տեղի է ունենում հետեւյալը. իշխող քաղաքական ուժն ասում է «ժողովուրդ ջան, անպայման եկեք եւ արտահայտեք ձեր դիրքորոշումը», իսկ ընդդիմադիր ուժերն ասում են «ժողովուրդ ջան, գործ չունեք, գալիս եք ի՞նչ անեք, հանգիստ տանը նստեք, էդ ձեր խելքի բանը չի»: Հարց է ծագում՝ ո՞րն է ավելի ընդունելի ժողովրդավարության տեսանկյունից:

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ստացվում է, որ ապրիլի 5-ին որոշվելու է ոչ թե այն հարցը, թե ինչպես է ժողովուրդը վճռում Սահմանադրական դատարանի ճակատագիրը, այլ ուրիշ հարց՝ ՍԴ ճակատագիրը ժողովո՞ւրդը պիտի որոշի, թե ոչ: Իշխանությունները գտնում են, որ ժողովուրդն ունի այդ իրավունքը, իսկ ընդդիմախոսները համարում են, որ ժողովրդին այդպիսի իրավունք տալը «կործանարար է»: Վերջ, սա է ամբողջ «բանավեճը»:

Իսկ ապրիլի 5-ին պարզ կդառնա՝ ժողովուրդը կարեւորո՞ւմ է իր այդ իրավունքը, թե ոչ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments