Ինչու՞ է Սերժ Սարգսյանը նախաձեռնել քաղաքական գործարքը

- in Պնակալեզներ

Հանրային հեռուստաընկերությանը տված մեծ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՍԴ հարցին եւ հանրաքվեով դատարանակազմը փոխելու նախաձեռնությանը, դարձյալ հիշատակեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել քաղաքական գործարքի արդյունքում, ստանալով մինչեւ թոշակի տարիք պաշտոնավարելու հնարավորություն:

Ինչպես հայտնի է, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել 2005 թվականի սահմանադրական կարգավորումներով: Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը իր պաշտոնը թողեց իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի օր ավելի շուտ: Մինչեւ սահմանված ժամկետ պաշտոնավարելու պարագայում, ՍԴ հաջորդ նախագահը ընտրվելու էր այլեւս նոր Սահմանադրության կարգավորումներով, այսինքն նա պաշտոնավարելու էր մեկ ժամկետ՝ 6 տարի:
Ինչու՞ է Սերժ Սարգսյանը նախաձեռնել քաղաքական գործարքը, որով Հրայր Թովմասյանը ստացել է ոչ թե 6 տարի ժամկետով պաշտոնավարելու հնարավորություն, այլ հնարավորություն պաշտոնավարել մինչեւ թոշակի տարիք: Ինչու՞ էր Սերժ Սարգսյանին անհրաժեշտ, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տա իր պաշտոնավարման ժամկետի սպառումից մի քանի օր շուտ, որպեսզի Հրայր Թովմասյանը պաշտոնավարի այդքան երկար:

Սերժ Սարգսյանը պատկերացնում էր, որ լինելու է ՍԴ նախագահի թեկնածուի ճգնաժա՞մ, եւ այդ պատճառով նա չէ՞ր ուզում նույնիսկ 6 տարի անց էլ կանգնել այդպիսի խնդրի առաջ: Թե՞ նրա հոգսը ՍԴ-ն չէր, այլ ԲԴԽ-ն, եւ Սարգսյանն ուզում էր, որ այդ կառույցի ղեկավարի պաշտոնն օր առաջ ստանձնի Գագիկ Հարությունյանը: Մի՞թե դա այդքան հրատապ էր:

Համենայն դեպս, եթե դիտարկում ենք հանգամանքը, որ փոփոխությունը կատարվել է հենց Հրայր Թովմասյանին մինչեւ թոշակ պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու համար, ապա հարցը, թե ինչու՞, ի՞նչ նպատակով, իսկապես հետաքրքիր է: Մի՞թե Սերժ Սարգսյանը ինչ որ անհանգստություն ուներ այդ երկարաժամկետ հեռանկարի համար եւ անձնական երաշխիք էր փնտրում ի դեմս Հրայր Թովմասյանի: Ի՞նչ անհանգստություն կարող էր լինել, որ Հրայր Թովմասյանն էր լինելու այն փարատողը:

Մտածել, թե Թովմասյանին նման երկար պաշտոնը նվեր է արվել, անշուշտ լուրջ չէ:

Իսկ ի՞նչ մտածել, ինչու՞ էր Սարգսյանը ապահովում Հրայր Թովմասյանի այդ երկար ժամկետը: Հո չէ՞ր հաշվել, որ կարող է պետք գալ որեւէ հետհեղափոխական ժամանակաշրջանի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments