Ինչ գիտե Գեւորգ Կոստանյանն ու ինչն է անհանգստացրել նրան

- in Պնակալեզներ
Kostanyan Gevorg

Եթե իշխանությունը շահագրգռված է Մարտի 1-ի բացահայտման գործում, ապա ականկալում եմ դրական պատասխան, հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ներկայացնելով մարտիմեկյան գործով քննության պահանջով Երեւան վերադառնալու պայմանները:

Գեւորգ Կոստանյանն ասում է, որ անմիջապես կվերադառնա Երեւան, եթե իշխանությունը համաձայն է, որ քրգործի շրջանակում իրեն ուղղված հարցերը հնչեն բաց ռեժիմում՝ հրապարակային, եւ ոչ միայն ՀՔԾ ներկայացուցիչների, այլ նաեւ Հայաստանի վարչապետի եւ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների, ԵԽ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կոստանյանը, որ արդեն մի քանի ամիս Մոսկվայում է, հայտարարել է, թե պատրաստ է այդ պարագայում գալ եւ պատասխանել բոլոր հարցերին ու եթե իր դեմ կլինի գեթ մեկ ապացույց, պատրաստ է անգամ կալանավորվելու:

ՀՔԾ-ն փաստացի մերժել է Կոստանյանի պայմանը, արձագանքելով նրա հայտարարությանը եի նշելով, որ քննարկում կազմակերպելու առաջարկն անիրատեսական է, «ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ»:

Կոստանյանը դիմում է նաեւ Մարտի 1-ին զոհվածների հարազատներին, ասելով, որ քննությունը գործնականում որեւէ կերպ չի բացահայտում գլխավորը՝ թե ովքեր են սպանել այդ անձանց: Կոստանյանի խոսքով, անգամ Չերյոմուխայի կրակոցով սպանվածների հարցում չկա կոնկրետ մեղադրյալների շրջանակ:

Ինչպես հայտնի է, քննության մարմինն էլ ասում է, որ ապացույցներ են ոչնչացվել, դրանով հիմնավորելով կոնկրետ սպանությունների առումով բացահայտումների բացակայությունը: Միաժամանակ նշվում է, թե ներկայիս քննությունն արդյունավետ ընթանալու պարագայում կհանգեցնի նաեւ սպանությունների մասի բացահայտման:

Մի քանի ամիս առաջ ձերբակալվել էր ներքին զորքերի շտաբի պետը՝ Գեղամ Գեւորգյանը, Զաքար Հովհաննիսյանի սպանության համար, բայց երկամսյա կալանքից հետո նա ազատ արձակվեց:

Ինչ գիտե Գեւորգ Կոստանյանն ու ինչ է պատրաստ նա ասել՝ հրապարակայնության պահանջով: Ինչո՞վ է պայմանավորված նրա հայտարարությունը: Եթե նա առաջադրում է վերադարձի այդօրինակ քաղաքական պայման, ընդ որում իրավական գործընթացի համար աննախադեպ, ապա պետք է ենթադրել, որ պայմանը մերժվելու դեպքում ունի չգալու տարբերակ: Միեւնույն ժամանակ, եթե նա ունի այդպիսի տարբերակ, ապա էլ ի՞նչ իմաստ ունի շարադրել այդօրինակ պայմաններ: Միթե՞ Գեւորգ Կոստանյանը զուտ քարոզչական ապահովագրվածության համար է շարադրում այդ պայմանները:

Թե՞ կա այլ հանգամանք, եւ նրա հայտարարությունը պայմանավորված է ոչ թե քարոզչական, այլ ընդհանրապես «էքզիստենցիալ» ապահովագրության հարցով, եւ Գեւորգ Կոստանյանը մի կողմից Հայաստանի քաղաքական իշխանությանն է ազդակ հղում կարեւոր ասելիք ունենալու մասին, մյուս կողմից դրանով իսկ ակնարկում, որ ասելիքը կարող է հրապարակայնացվել այլ ձեւաչափով: Միեւնույն ժամանակ, արդյոք իր առաջարկով Կոստանյանը քաղաքական իշխանությանն ակնարկում է այն մասին, որ նախաքննության մարմինը ինչ որ բան է թաքցնում վարչապետից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments