Ինչ կշաղկապի Նիկոլ Փաշինյանն Իրանից Գերմանիա

- in Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա այցով մեկնում է Գերմանիայի դաշնային հանրապետություն, որտեղ նախ հանդիպում է ունենալու այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ, այնուհետև ուղևորվելու է Մյունխեն, որտեղ տեղի է ունենալու անվտանգային միջազգային հեղինակավոր ամենամյա համաժողովը:

Համաժողովը ընթացիկ տարում այսպես ասած հնչեղ առաջին դեմքերի առումով բավականին սակավամարդ է, չկան Թրամփը՝ թեև ԱՄՆ նախագահները այդքան էլ հաճախ չեն մասնակցում Մյունխենին, չկան ՌԴ նախագահը, նաև Անգելա Մերկելը չի մասնակցելու համաժողովին: Այդ հանգամանքը ի դեպ բավականին հատկանշական է դարձնում այն, որ տեղի է ունենում Փաշինյան-Մերկել հանդիպում:

Բանն այն է, որ հանդիպումը տեղի է ունենում գրեթե ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետի Գերմանիա կատարած այցից մեկ տարի հետ: Նախորդ տարի փետրվարին էլ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում էր: Ընդ որում, կա ևս մեկ հատկանշական հանգամանք: Գերմանիա այցի ընթացքում Փաշինյանն ազդարարեց, որ պատրաստվում է մեկնել Իրան: Մոտ մեկ ամիս անց տեղի ունեցավ այդ այցը, որը բավականին տպավորիչ էր: Կա՞ր ուղիղ որևէ կապ Գերմանիա այցի և դրա ընթացքում ազդարարված Իրան այցի միջև, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է շատ, որ Գերմանիա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Նա այդ հրավերը հղել է Իրանի իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի առիթով Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորանքի մեջ:

Նիկոլ Փաշինյանը Ռոհանիին հարմար ժամանակ նրան հրավիրում է Հայաստան՝ երկկողմ հարցեր քննարկելու համար: Գերմանիա այցի հետ զուգորդումը, ինչպես որ փաստորեն մեկ տարի առաջ էր, համենայն դեպս գրավում է որոշակի ուշադրություն: Հատկապես այն իմաստով, որ դա էլ իր հերթին ներկայումս տեղի է ունենում ռուս-թուրքական բավականին բարդ հարաբերության ֆոնին, որը Լիբիայի հարցում տարակարծությունից ուղղակի բախման է վերածվել Իդլիբի հարցում, վկայելով, որ խնդիրը ավելի խորքային շարժերի մեջ է: Իսկ թե Իրանը, թե Գերմանիան այստեղ ունեն էական դեր, ընդ որում պատմական շաղկապումներով: Միևնույն ժամանակ, Իրանը հայաստանյան օրակարգ արդեն շատ վաղուց՝ դեռևս նախորդ իշխանության շրջանից փորձում է բերել Պարսից ծոց Սև ծով միջանցքի օրակարգային հարցը, որը Հայաստանի համար էական հարց է անվտանգության և ինքնիշխանության համատեքստում: Այն իհարկե ունի աշխարհաքաղաքական նշանակալի բարդություններ, սակայն Հայաստանը չունի ինքնիշխանության և անվտանգության այսպես ասած ոչ բարդ ֆորմուլաներ: Այդ իմաստով, Սև ծով Պարսից ծոց ֆորմուլայի կենսունակության համար Երևանին էական է գտնել շաղկապումը Եվրոպայի հետ, ինչը գործնականում անհնար է առանց եվրոպական քաղաքականության անխոս առաջատարի՝ Գերմանիայի հետ սերտ աշխատանքի: Ի դեպ, հատկանշական է, որ այդ ուղղությամբ աշխատանքը Հայաստանը սկսել է հենց դեռևս նախորդ իշխանության շրջանից: Նոր իրավիճակը տալիս է նոր հնարավորություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments