Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. Վարչության պետին գործուղել են Վրաստան

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի գործին:

Անգամ Վրաստանի փորձն ուսումնասիրելու համար ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը փետրվարի 23-26-ը գործուղվելու է Վրաստան (Թբիլիսի): Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։ Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Նշենք, սակայն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չնայած ստորագրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, սակայն ուղերձ էր հղել իշխանություններին և դատական համակարգին այն մասով, որ օրենքում նախատեսված հասկացությունների գործնական կիրառումը պետք է լինի ամենայն պատասխանատվությամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ «օրենքով գողերի» դեմ պայքարի վրացական փորձն ուսումնասիրել են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորները: Արդյոք վրացական փորձն ուսումնասիրելը բավարար է քրեական աշխարհին հարողների դեմ պայքարում՝ ցույց կտա ժամանակը, բայց իրավապահ մարմիններն առայժմ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում են միայն «բռնել-բաց թողնելով»»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments