Իսկ դուք կզիջեի՞ք ձեր անվտանգությունը որևէ մեկին: Պատասխանը, թերևս, պարզ է

- in Միջազգային

Այն, որ Հայաստանում լայնորեն քննարկվում է Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանավեճը կամ քննարկումը, ընդ որում՝ հանրային արձագանքների և քննարկումների բավականին բևեռացվածության և անգամ մանիպուլյատիվ երանգներով հանդերձ, Հայաստանի համար պետք է համարել ձեռքբերում:

Ի վերջո, երբ համեմատում ենք այդ թեման մեր ներքին կյանքում առկա քննարկումների հետ, ապա նույնիսկ երբեմն ոչ համարժեք գնահատականների ու մեկնաբանությունների ուղեկցությամբ, այդուհանդերձ, մյունխենյան կամ արցախյան թեման, մեղմ ասած, նախընտրելի է, էլ չասած՝ խիստ անհրաժեշտ: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում կարևոր է ոչ միայն այն, որ Հայաստանի հանրությունը ինքն իր ներսում խոսի պետականության և անվտանգության առանցքային հարցի մասին, այլ նաև այն, թե ինչ լեզվով և ինչպես կխոսի միջազգային հանրության հետ:

Այդ իմաստով, Մյունխենի անվտանգության համաժողովում թե՛ Ալիևի հետ քննարկմանը, թե՛ դրանից առաջ Ֆրիդրիխ Էբբերտի գերմանական հիմնադրամում արդեն միայն իր մասնակցությամբ հանդիպմանը, Հայաստանի վարչապետը աշխույժ շրջանառության մեջ դրեց մի կարևոր գաղափար՝ անվտանգությունը չի զիջվում: Դա կարևոր է ոչ միայն Ադրբեջանի հետ փաստարկային պայքարի և նաև պետական անվտանգության ռազմավարական անհրաժեշտությունների տեսանկյունից, երբ խոսք է գնում ազատագրված տարածքների մասին: Անվտանգությունը չզիջելու հանգամանքը կարևոր է նաև լեզվական՝ միջազգային հանրության հետ խոսույթի տեսանկյունից: Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում, այդ թվում՝ դրա առաջատար Եվրաատլանտյան միջավայրում, անվտանգության հարցն ամենազգայուններից է կամ ուղղակի ամենազգայունը: Հատկանշական է, որ հենց դրա վրա են իրենց հանրությունների հետ խոսակցությունը կառուցում արևմտյան լիդերները՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Եվրոպայում: Այդ հանգամանքը ունի շատ բազմաշերտ ու տարողունակ բովանդակություն, պատճառները բավականին հետաքրքիր ու խորքային են, սակայն մի բան հստակ է, որ խոսքը Արևմուտքի հանրությունների համար շատ զգայուն և ցավոտ դարձած կետի՝ անվտանգության մասին է: Ու երբ այդ միջավայրում Հայաստանի վարչապետը խոսում է այն մասին, որ Արցախի հարցում Ադրբեջանի համար տարածքների հարց է, իսկ մեզ համար՝ անվտանգության, որը չի զիջվում, գործնականում մատը դնում է նաև միջազգային արևմտյան հանրության համար ցավոտ, զգայուն կետի վրա, նաև, կամա թե ակամա, օդում առաջացնելով հարցը՝ իսկ դուք կզիջեի՞ք ձեր անվտանգությունը որևէ մեկին: Պատասխանը, թերևս, պարզ է:

Միաժամանակ, կասկած չկա, որ հայկական դիրքերի, մարտավարության ու ռազմավարության խնդիրները ամենևին չեն լուծվում լոկ այդ ձևակերպումով կամ հարցադրումով, սակայն, անշուշտ, էապես կարևոր է նաև, միջազգային ընկալման տեսանկյունից, խոսել այդ հանրության համար ցավոտ և զգայուն հարցերի լեզվով, նրանց հետ հնարավորինս արագ և սահուն փոխըմբռնման համար: Ընդ որում, այստեղ, իհարկե, լոկ Արևմուտքի խնդիրը չէ, պարզապես այդ պրոյեկցիան դիտարկում ենք մյունխենյան լսարանի համատեքստում, որովհետև նույն անվտանգությունը իր հանրության հետ ուղիղ խոսակցության առանցք դարձրել է նաև Ռուսաստանի վերնախավը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments