Serj Robert

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մյունխենում Ալիևի հետ բանավեճին և դրանից հետո իր ֆեյսբուքյան էջում ազդարարված մյունխենյան սկզբունքներին, գործնականում հայտարարել է այն, ինչ Սերժ Սարգսյանը դեռևս պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանում՝ խորհրդարանում լսումների ընթացքում:

Հենց այդ ժամանակ էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Բայց խոսքն իհարկե այդ հայտարարության մասին չէ: Սերժ Սարգսյանի խոսքից մնաց իհարկե այդ աղմկոտ հատվածը, սակայն նա ասել էր նաև, որ ազատագրված տարածքները գործնականում չեն եղել, այսպես ասած, տարածք ավելացնելու միջոց, այլ ինքը դեռևս պատերազմի ժամանակ է մարտիկներին ու հրամանատարներին ասել, որ դրանք հետագայում բանակցային ռեսուրս են, անվտանգային գոտի:

Նիկոլ Փաշինյանն էլ Հանրայինի եթերում խոսել է այն մասին, որ ստատուս-քվոն ձևավորվել է այն պատճառով, որ դրա շնորհիվ Արցախի ինքնապաշտպանական ուժերը հեռացրել են հակառակորդին՝ Արցախում ապրող մարդկանց համար հեռավորությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի ասել կարևորը՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, և գործնականում ի տարբերություն Հայաստանի նախկին բոլոր երեք նախագահների: Փաշինյանը չի ասում, որ դրանք բանակցային ռեսուրս են: Հակառակը՝ նա հայտարարում է, որ անվտանգությունը չի զիջվում, ընդ որում՝ բերելով փաստարկ՝ իսկ որևէ երկիր պատրա՞ստ է որևէ մեկին զիջել իր անվտանգությունը: Նույնպես անվտանգությունը զիջման ենթակա չէ նաև Հայաստանի ու Արցախի համար:

Միաժամանակ նա ասում է իհարկե, որ եթե Ադրբեջանը ունի ներկայիս անվտանգությունից ավելի հուսալի բանաձև՝ առաջարկ հայկական կողմին, ապա հայ ժողովուրդը կարող է քննարկել դա: Այդ հայտարարությունը ստեղծում է բազմիմաստ իրավիճակ՝ առաջացնելով հարց՝ իսկ եթե Ադրբեջանն ունենա՞ այդպիսի առաջարկ: Բայց առաջին հայացքից տրամաբանական թվացող հարցը խորքային առումով հենց վարչապետի խոսքում էլ ունի իր պատասխանը՝ հայ ժողովուրդն է որոշում, թե ինչն է իր համար առավել անվտանգ և հուսալի, ոչ թե Ադրբեջանը: Եվ եթե մենք ելնում ենք հենց այդ տրամաբանությունից, այդ համոզումից ու կամքից, ապա արդեն հարցը՝ իսկ եթե Ադրբեջանը որոշի, դադարում է լինել Փաշինյանի առաջին ձևակերպումից բխող տրամաբանական հարցադրում:

Եվ խնդիրը այստեղ է, թե ինչ պետք է որոշի հայ ժողովուրդը, ի՞նչն է իր համար անվտանգ՝ հայ զինվորի կյանքի և նաև իր ծանրագույն կորստի գնով ձեռք բերած ու հաստատված անվտանգությո՞ւնը, թե՞ Ադրբեջանի որևէ առաջարկ: Այդ իմաստով անպատեհ է նույնիսկ հայ ժողովրդին հարց ուղղելը: Դրա կարիքը չկա ընդհանրապես: Կա պարզապես հայ ժողովրդի որոշման ամուր հիմք ձևավորելու անհրաժեշտություն, որը ներքին կառավարման էֆեկտիվությունն է, Հայաստանի ու Արցախի կայուն արդիականացումը:

Հայ ժողովուրդը կարևոր որոշումներ ունի կայացնելու հենց այդ հարցերում, Արցախի հարցում որոշումը կայացված և իրագործված է վաղուց: