Անմեղության կանխավարկածի հովհարային պաշտպանները

- in Պնակալեզներ

Եթե մի կողմ դնենք քաղաքական նրբերանգներն ու գեղեցիկ ձեւակերպումները, ապա մեծ հաշվով՝ Հայաստանում հիմնական «կռիվը» հետեւյալն է. իշխանությունները պնդում են, որ օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից, իսկ ընդդիմախոսները կողմ են երկակի ստանդարտների կիրառմանը։ Ոչ միայն կողմ են, այլեւ իրենց սանձազերծած քարոզչական պատերազմում բացահայտորեն երկակի ստանդարտներ են կիրառում։

Միայն մի օրինակ բերենք։ Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել մի քրեական գործի մասին, որով անցնում էր նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ ընդդիմադիր քարոզչամեքենան իսկույն ահավոր աղմուկ էր բարձրացրել, թե դա իշխանությունների կողմից բացահայտ ճնշում է, բա ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, չէ՞ որ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը հաստատված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով… Այդ նույն աղմուկ բարձրացնողներն, ի դեպ, օրեր շարունակ կոկորդ էին պատռում, թե ոստիկանության ղեկավարությունը, կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ապօրինաբար բերման է ենթարկել ընդդիմության մի քանի ակտիվիստների։ Ուշադրություն դարձրեք՝ ինչ-որ մեկի նկատմամբ ոստիկանական ապօրինություն թույլ տալը քրեական հանցանք է, նման հրահանգ տալը՝ նույնպես, այսինքն՝ այդ կոկորդ պատռողները հրապարակավ կոնկրետ մարդկանց մեղադրում են հանցանք կատարելու մեջ։ Ներողություն, իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, ինչ է, դատարանով ապացուցվե՞լ է, որ ոստիկանությունն ապօրինի գործողություններ է կատարել, կամ փաստե՞ր կան, որ վարչապետ Փաշինյանն է ոստիկաններին ինչ-որ հրահանգներ տվել։ Թե՞ անմեղության կանխավարկածը միայն ու միայն նախկինների ու նրանց աջակիցների վրա է տարածվում, իսկ մյուսներին ինչ հանցանքի մեջ ասես՝ կարելի է մեղադրել։

Երկակի ստանդարտների կիրառման մասին է խոսում նաեւ այն, որ իշխանություններին անմեղության կանխավարկածը չհարգելու մեջ մեղադրողներն անպայման շեշտում են, որ Հանրային հեռուստաընկերությունը հարկատուների միջոցներով է գործում եւ պարտավոր է անաչառ լինել։ Միանգամայն ճիշտ է։ Ճիշտ է նաեւ այն, որ Սահմանադրական դատարանն էլ է շարքային հարկատուների հաշվին գործում, Հրայր Թովմասյանի աշխատավարձն էլ այդ նույն շարքային քաղաքացիներն են վճարում, եւ նրանք իրավունք ունեն ակնկալել, որ ՍԴ-ն անաչառ կլինի (եւ ոչ թե քաղաքական գործիք կդառնա ռեւանշի ձգտող նախկինների ձեռքին, որոնց առաջին դեմքերի դեմ, ի դեպ հարուցված շատ լուրջ քրեական գործեր կան)։ Ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահական թոշակն էլ են շարքային հարկատուները վճարում, այդ թվում՝ նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատները, իսկ նա գուցե հենց այդ միջոցներով է պիցցա ուղարկում իր ազատ արձակումը պահանջողներին, բայց սա՝ իմիջիայլոց։ Էականն այն է, որ անմեղության կանխավարկածի հովհարային պաշտպանները իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ճիշտ կանեին իրավապահներից պահանջեին անհապաղ պատասխանատվության ենթարկել իրենց՝ պարբերաբար իշխանություններին զրպարտելու, նրանց հասցեին անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու, անմեղության կանխավարկածը չհարգելու եւ այլնի համար։ Եթե այդպես չեն վարվում, ուրեմն ոչ թե «իրավապաշտպաններ» են, այլ սովորական վարձկաններ, ու նրանց բարձրացրած աղմուկը գրոշի արժեք չունի։

Հ. Գ. Իսկ ամենազավեշտալին այն է, որ սրանք խոսում են 37 թվին հատուկ բռնաճնշումների մասին, հետո տեսախցիկների առջեւ պետության ղեկավարին հայհոյում ամենավերջին խոսքերով, հետո մի երկու ժամ մնում ոստիկանությունում, դուրս գալիս եւ ասուլիս հրավիրում՝ ի պաշտպանություն նրա, ում ընդամենը բարեւելու համար սրճարանում ծեծելով մարդ են սպանել։ Փաստորեն պիցցան կարող է նաեւ հոգեմետ ազդեցություն ունենալ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments