Կլինեն աղմկոտ դեպքեր. ԱԱԾ տնօրենը՝ ձերբակալությունների մասին

- in Կարծիք

Պաշտոնյաների նոր ձերբակալություններ եղել են, կլինեն, դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինելու է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով հարցին, որ հեղափոխությունից հետո մեծ աղմուկ եղավ նախկին պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ հարուցված քրեական գործերով, արդյոք հիմա իրավիճակը փոխվել է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես ձեզ հավատացնում եմ, որ գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր, որոնք քննվում են թե մեր քննչկան դեպարտամենտում, թե ՀՔԾ-ում: Իհարկե, այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է, և կլինեն աղմկոտ դեպքեր: Դա կարող է ձեզ համար աղմկոտ լինել, մեզ համար ոչ այդքան: Կլինեն, իհարկե, կլինեն»,- ասաց ԱԱԾ տնօրենը: Նա նաև հավելեց, որ նոր պաշտոնյաների վերաբերյալ էլ գործեր կա՝ շեշտելով Վերմիշյանի ու Լոռեցյանի գործերը:

Ո՞րն է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի այդ հայտարարության կամ դիտարկման նրբերանգը: Միարժեք, իհարկե, դժվար է ասել, որովհետև տողատակում կարող են լինել շատ շերտեր: Այդ թվում թերևս այն, որ հակակոռուպցիոն պայքարում Հայաստանում ԱԱԾ-ի համար անսպասելիություններ կամ անակնկալներ լինել չեն կարող, կարող է լինել միայն դրանց հանրայնացման մասին որոշում: ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոսյանն ըստ ամենայնի ակնարկում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հիանալի տիրապետում է Հայաստանում գոյություն ունեցած կոռուպցիոն սխեմային և համակարգին, դրա ամենայն մանրամասնություններով, և ըստ այդմ՝ որևէ մեկը չի կարող մտածել կամ պատկերացնել, թե ինչ-որ բան ենթակա է թաքցվելու կամ քողարկվելու, և իրավապահ համակարգը կամ, մասնավորապես, ԱԱԾ-ն կարող է և չտիրապետել որոշակի գործերի կամ սխեմաների:

Արդյոք զուտ քարոզչակա՞ն բնույթի է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարությունը, թե՞ իրադրությունն իսկապես գտնվում է այդ մակարդակի վրա: Խոշոր հաշվով, հավանական է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Համենայնդեպս, երկրորդ հանգամանքն էլ իր հերթին միանգամայն տրամաբանական է՝ նկատի ունենալով այն, թե ինչպիսին էր Հայաստանում գոյություն ունեցած համակարգի տրամաբանությունը:

Տրամաբանությունը հուշում էր, որ ամեն ինչ պետք է պարզ լինի բոլորի համար՝ համակարգում ներառված բոլոր առանցքային խմբերի և դերակատարների: Տեղեկատվության բազան փակ էր միայն լայն հանրության համար: Իհարկե, ամեն ինչ ասվածը չի ենթադրում պետական կարևոր քաղաքական գործեր, որոնք պետական գաղտնիության ռեժիմի ներքո են, և կարող էին տիրապետել մի քանի անձ: Ամեն ինչը տվյալ պարագայում համակարգի, այսպես ասած, տնտեսական-ստվերային-կոռուպցիոն սխեման է և բովանդակությունը:

Բանն այն է, որ այն, այսպես ասած, համակարգի բոլոր էական դերակատարների «ձեռքի տակ» լինելն էր ներհամակարգային կայունության երաշխիքը: Իսկ այն ապահովելու միջոցները անշուշտ իրավապահ կառույցներն էին, մասնավորապես և առանցքային առումով՝ ԱԱԾ-ն: Ի վերջո, հենց այդ ամբողջ պատկերով է, որ դրանից որևէ շեղում պետք է դառնար ներքին քննարկումների կամ «դատի» հիմք, եթե որևէ մեկը խախտեր պայմաններն ու կանոնները:

Ըստ այդմ՝ Էդուարդ Մարտիրոսյանն ակնարկում է, որ ԱԱԾ-ի համար իսկապես չկա որևէ փակ սխեմա կամ մեխանիզմ, հետևաբար չկա անակնկալ: Իսկ ահա, թե ում համար կարող է անակնկալ լինել որևէ նոր զարգացում, դա արդեն ԱԱԾ պետի հետաքրքիր ազդակ է: Դրա հասցեատերը հաստատապես լոկ հանրությունը չէ:

Էդուարդ Մարտիրոսյանը ասաց, որ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ արել է, բայց կադրային ջարդ չի արել. «Ազգային անվտանգության ծառայությունն այնպիսի ծառայություն է, որ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով»: Ըստ Մարտիրոսյանի՝ ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը նախկին աշխատակիցներին չվստահելու խնդիր չի առաջացնում:

Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե վարչապետի հանձնարարականի համաձայն հաջողվե՞լ է գտնել որոշ շրջանակների կապը սատանայի հետ. «Ցանկացած դրսևորումներ, որոնք տեղի են ունենում, մենք դիտում ենք դա մեր շահերից ելնելով, ազգային անվտանգության շահերից ելնելով: Ցանկացած, դա կլինի սատանիստական շարժում, թե միգուցե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությունը, մենք դրա դեմ մեր գործառույթներով պայքար ենք մղելու և օրենքի խստությամբ պատժելու ենք»:

Նա նշեց, որ վերջին շրջանում երեք քրեական գործ է հարուցվել տարբեր ֆեյք օգտատերերի նկատմամբ, որոնք Հայաստանի ու Արցախի անվտանգությանը կարող էին սպառնալիք ստեղծել. «Նրանք շատ են, այս վերջում ևս երեքի մասով քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է: Իսկ մյուս ֆեյք էջերը, որոնք սպառնալիք են ազգային անվտանգությանը, դրանք մեր կողմից կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments