Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 20-ի նիստում անդրադարձել է Մոնումենտում կառուցված դղյակների օրինականության հարցին՝ ասելով, թե դրանց տերերը, կառուցելով այդ շինություններն ապօրինի, հետո իրենք էլ օրենք են ընդունել, որ այդ անօրինական կառույցները քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա արհամարhանք է հանրային կարծիքի հանդեպ, և հանձնարարել է արդարադատության նախարարին ուսումնասիրել հարցն ու հարկ եղած դեպքում անցումային արդարադատության գործիքի կիրառման հնարավորությունը:

Թեմային անդրադարձ է կատարել նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին օրինականացնել կառույցը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադառնալով թեմային՝ ասաց. «Ես սպասում էի, որ վարչապետը պետք է ասի հետևյալը.  կառավարությունը որոշում կկայացնի, ու այդ անօրինական շինությունները՝  որպես  կողոպուտի,  պետական գանձագողության, թալանի արդյունք, պետք է պետականացվեն»։

Ըստ Շիրինյանի՝ կառավարությունը  պարտավոր է   դեկրետներով կառավարել երկիրը. «Անցումային և այլ դրույթները  զիջում են մաֆիային, հայկական ծովահրեշին։ Կարծում եմ՝ երկու հատված կա՝ զինվորականության մասով բանակի կարիքների բավարարման համահայկական ֆոնդ պետք է ստեղծվի, իսկ քաղացիականով էլ՝ ռեֆորմի ֆոնդ։ Հասարակության մեջ հստակ պահանջ կա՝ կողոպտիչների, թալանչիների դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հանգստի գոտի, իսկ քաղաքացիական իմաստով՝ դրանք մշակույթի օբյեկտ պետք է դառնան։ Ընդ որում՝ դա առանց  նեյնիմի պետք է  արվի, զիջելը մահվան նման մի բան է»։

Քաղաքագետը միևնույն ժամանակ ընդգծեց. «Երբ հիշյալ անձինք մտնում են գործընթացի մեջ՝ ողբ են սարքում, թե քաղբանտարկյալ են, հետո  դատական նիստ է լինում, ենթադրում եմ, որ  իրավապահ մարմիններին փայաբաժին են տալիս, սեփականության ունեցվածքի վերաբաժանում է լինում, հետո այդ ամենը լեգիտիմացնում են, օրինակ, 500 միլիոնի դիմաց։ Ու հենց այս կոնտեքստում անցումային և այլ դրույթները չեն աշխատելու։ Կառավարությունը որոշում է  կայացնում՝ հիմքերը ստուգել ու հանձնել բանակին, մեր լավագույն սպաները պետք է  լավ ապրեն, հանգստանան, որ մենք Քուռարաքսյան Հայաստան ստեղծենք։ Սեյրան Օհանյանին էլ հարցրեք, որ արդարադատությունից  խոսում է, ինչի՞  դիմաց է այդ դղյակը ստացել, ի՞նչ ծառայությունների. ձեր ծառայությունը կողոպտված բանակն ու մահացած զինվորն է»,- եզրափակեց նա։

 

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ թեմային անդրադառնալով՝ ասաց. «Մեր սեղանին դեռ չկա անցումային արդարադատությունը, մենք չգիտենք՝ այն ինչ տեսք ունի, ինչ է իրենից ներկայացնում։ Բայց որ հանրային տարածքները, քաղաքաշինական նորմերը խախտած կառույցները պետք է վերացվեն՝ միանշանակ է»։

Ըստ Արշակյանի՝ պարզապես պետք է շատ ճիշտ ու  արդար վճիռ կայացվի. «Եթե դրանք զավթում են, գոյություն ունեցող օրենքները դա կարգավորում են։ Այն պայմանագրերը, որոնցով այդ շինությունները թույլատրվել են, համարվում են առ ոչինչ, դրանից հետո  դառնում են պետական ունեցվածք։ Հանրային տարածքում կառուցված շինությունները դառնում են պետական ունեցվածք, եթե նորմերը խախտված չեն, դրանք հանվում են աճուրդի, պետությունը դա վաճառում է։ Եթե դա ափսոս է, արդեն արժեք է, պետությունը պետականացնում ու վաճառում է։ Եթե խանգարում է, օրինակ՝ կանաչապատ տարածքի մեջ է, քանդվում է  կառուցապատողի հաշվին, վնասը վերականգնվում է խախտողի հաշվին։ Օրենքները դա թույլ են տալիս, մեր պետական շահը պաշտպանող իրավաբանները պետք է ավելի աչալուրջ լինեն, քան խախտող կողմի իրավաբանները»,- եզրափակեց նա։

Spread the love