Bant

2002 թվականի օգոստոսի 9-ի վաղ առավոտյան Կոտայքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Իվանի դիակը՝ ձեռքերն ու ոտքերը լարով կապկպված, մարմնին՝ բռնության հետքեր:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տուժողի տանից նաև գույքի հափշտակություն է կատարվել, իսկ որոշ իրեր թափված էին դռան առաջ: Այդ իրերի վրա մատնահետքեր կային: Մատնահետքերի նույնականացումից պարզվել է, որ պատկանում են տասը տարի առաջ՝ 1992 թվականին Կոշի գաղութից փախած ու հետախուզման մեջ գտնվող Մաքսիմ Խ.-ին:

1992 թվականին Կոշի գաղութից խմբակային փախուստի դեպք էր եղել՝ կրակոցներ էին արձակվել, եղել էին վիրավորներ, զոհեր: Ոմանց հաջողվել էր փախչել, այդ թվում՝ սպանության համար 9 տարի ազատազրկման դատապարտված Մաքսիմ Խ.-ին:

Եվ ահա՝ գաղութից փախուստի դիմելուց տասը տարի անց նա նորից արյունոտ հետք էր թողել ու անհետացել: Ու նրա հայտնաբերման համար հարկավոր է եղել ևս… 8 տարի…

2010 թվականին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաքսիմ Խ.-ն թաքնվում է Արարատի մարզի գյուղերից մեկի մի ամառանոցում: Արագ կազմակերպված գործողությամբ Մաքսիմ Խ.-ին ի վերջո բռնել են:

Մաքսիմ Խ.-ն հայտնել է, որ Կոշից փախչելով՝ եղբոր փաստաթղթերով հասել էր Ռուսաստան: Այնտեղ էլ էր հանցավոր արարք կատարել, դատապարտվել, անազատության մեջ հայտնվել:

2000 թվականին նա ռուսաստանյան կալանավայրից համաներումով ազատվել ու արտաքսվել է երկրից:

Ծպտված վերադարձել է Հայաստան, ապրել ուրիշի անվան տակ, բանվորություն արել տարբեր շինարարություններում:

2002 թվականի օգոստոսի 8-ին Մաքսիմն այցելել է Կոտայքի մարզում բնակվող ծանոթին: Պարզվել է՝ ծանոթը Ռուսաստանում է: Նրա հարազատները, սակայն, Մաքսիմին հյուրասիրել ու ջերմորեն են վերաբերվել:

Նրանց տանից Մաքսիմը դուրս է եկել բավական ուշ ժամի ու ալկոհոլ օգտագործած վիճակում: Շարժվել է դեպի Երևան: Գյուղական ամայի փողոցով անցնելիս՝ ծայրամասում նկատել է, որ տներից մեկում լույս է վառվում: Դարպասը հրել է՝ բաց էր: Տան դուռը թակել է: Մի ծերունի է բացել: Մաքսիմը նախ ծերունուց ջուր է ուզել, խմել ու հարցուփորձ է արել, պարզել, որ տղա ունի, և տեղնուտեղն ասել է, թե տղայի ընկերն է: Ծերունին ասել է, թե որդին Հայաստանում չէ, ինքը մենակ է ապրում, վատառողջ է:

Մաքսիմի միտքը պղտորվել է: Նա անցել է հարձակման՝ պահանջել է, որ ծերունին իրեն փող կամ ոսկեղեն տա՝ տղան ուղարկած կլինի: Ծերունին երդվել է, որ փող չունի: Մաքսիմը զայրացել ու ձեռքն ընկած առաջին ծանր առարկայով հարվածել է ծերունու գլխին: Տարեց մարդն ուշաթափվել է:

Մաքսիմը լար է գտել, կապկպել ծերունու ոտքերն ու ձեռքերը: Երբ նա ուշքի է եկել, Մաքսիմը նորից փող է ուզել, իսկ երբ ծերունին կրկնել է, որ փող չունի, սկսել է խոշտանգել նրան: Ծերունին խնդրել-աղերսել է, որ խղճա, չտանջի, երդվել է, որ փող չունի: Մաքսիմը դանակը հանել ու սպառնացել է, որ կսպանի: Բայց ծերունին նույն բանն է ասել… Այդ ժամանակ Մաքսիմը որոշել է «մետկա» անել՝ իր նշանը թողնել տարեց մարդու մարմնին, որն իրեն փող չի տալիս: Նա դանակով վնասել է ծերունու պարանոցը: Ուժեղ արյունահոսություն է սկսվել: Հետո Մաքսիմը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծերունուն: Տեսնելով, որ զոհն անշարժացավ, Մաքսիմը որոշել է հեռանալ՝ հեռանալուց առաջ ստուգելով տունն ու իրոք՝ փող չգտնելով: Որոշ իրեր է վերցրել ծերունու տանից՝ երկու հովանոց, ձայնագրիչ, գորգ, ծածկոց, հյութի և օղու բաժակներ, սփռոց, ճնշում չափելու սարք, դանակներ, պատառաքաղներ, գդալներ, դրանք տեղավորել է մանկական սայլակի մեջ, սառնարանում խմիչք է գտել ու վերցրել: Հասնելով գյուղի գերեզմանատան մոտ, նա հանկարծ զղջման զգացում է ապրել, հափշտակած իրերը թափել է գերեզմանատան տարածքով մեկ, դեն է նետել նաև հանցագործության գործիք դանակն ու հեռացել է՝ գյուղի ծայրամասի տներից մեկում թողնելով խոշտանգված ծերունու դիակը:

Սպանությունից 8 տարի անց խոստովանելով կատարածը՝ Մաքսիմն իր արարքն անվանել է «սխալմունք»: Հիշել է նաև, որ տուժողի սառնարանից վերցրած օղու շիշը տան աստիճաններին ընկել ու ջարդվել է՝ «Լիտրանոց էլ օղի էր»՝ հոգոց է քաշել Մաքսիմը…

Մաքսիմ Խ.-ն մեղավոր է ճանաչվել սպանության, ավազակային հարձակման, ինչպես նաև կալանավայրից փախուստի համար և վերջին հաշվով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2010 թվականի մայիսի 22-ից: