Կոտայքի մարզում 38-ամյա կինը իրեն նվաստացնող հարբած ամուսնու ձեռքից խլելով դանակը՝ հարվածել է որովայնին

- in Իրավունք
danakaharutyun

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հասմիկ Ա.-ի գործի դատական քննությունը:

38-ամյա Հասմիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Հասմիկի ամուսինն էր:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 19-ին, ժամը 14-ի սահմաններում Կոտայքի մարզի գյուղերից մեկում, իրենց տանը Հասմիկ Ա.-ն վիճել է ամուսնու հետ՝ վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով:

Վիճաբանության ընթացքում ամուսինը հայհոյել է Հասմիկին, գոռգոռացել է, իսկ Հասմիկը հորդորել է, որ նա իրեն հանգիստ պահի, հաշվի առնի, որ իրենց երեք երեխաներն ամաչում են հոր պահվածքի պատճառով:

Ամուսինն ավելի է զայրացել Հասմիկի վրա:

Ըստ մեղադրանքի՝ նա մեկ անգամ ապտակել է կնոջը, ապա գրպանից հանել է մշտապես մոտը պահվող դանակն ու թափահարելով՝ պահանջել է, որ Հասմիկը հեռանա տանից:

Ըստ մեղադրանքի՝ ամուսնու պահվածքից վրդովված Հասմիկը նրա ձեռքից խլել է դանակը ու գնացել է դեպի խոհանոց:

Ամուսինը տեղավորվել է խոհանոցի մուտքի մոտ դրված բազկաթոռին ու վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ է հնչեցրել կնոջ հասցեին:

Ըստ մեղադրանքի՝ Հասմիկ Ա.-ն, այլևս չհանդուրժելով ամուսնու պահվածքը, չկարողանալով լսել վիրավորական արտահայտությունները, դեռևս իր ձեռքին գտնվող դանակով մեկ անգամ շեշտակի հարվածել է բազկաթոռին նստած ամուսնու որովայնին աջ մասին՝ նրա առողջությանը  պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող, լյարդի 6-րդ սեգմենտի վնասումով վնասվածքի ձևով, որը հանգեցրել է աջակողմյան պնևմոթորաքսի ու ներքին արյունահոսության:

Ընդհանուր իրավասության դատարանում Հասմիկ Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Դատարանին է ներկայացվել մահվան վերաբերյալ տեղեկանք, համաձայն որի՝ գործով տուժողը՝ Հասմիկ Ա.-ի ամուսինը, դեպքից կես տարի հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 8-ին մահացել է:

Դատարանը հաշվի է առել, որ Հասմիկ Ա.-ի խնամքին է անչափահաս որդին:

Դատարանը հաշվի է առել, որ բնակության վայրում Հասմիկ Ա.-ն դրական է բնութագրվում՝ որպես համագյուղացիների կողմից հարգված, համեստ, խելացի, առաքինի, ընտանիքին նվիրված կին, լավ մայր:

Նախկինում Հասմիկ Ա.-ն դատապարտված չի եղել:

Դատարանը հաշվի է առել, որ դեպքից հետո նա ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է կատարվածի բացահայտմանը, զղջացել է, ամբողջությամբ  ընդունել է մեղքը:

Դատարանը որպես Հասմիկ Ա.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առել նրա հանգուցյալ ամուսնու՝ գործով տուժողի հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը՝ ալկոհոլի չարաշահումը, կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելը, նրա  նկատմամբ գործադրած բռնությունը, ինչով էլ պայմանավորվել է  Հասմիկի կողմից հանցավոր արարքի կատարումը:

Հասմիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է  3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments