Համատեղ միջոցառումներ՝ ակադեմիկոս Ա. Ղարիբյանի անվան դպրոցում – Լուսանկարներ

- in Կրթություն

Արարատի մարզի Այգեզարդ գյուղի առաջին դպրոցը աղյուսաշեն է եղել, հիմնվել է 1932 թվականին: 1960-1961 թթ.-ին այն փոխարինվել է տուֆակերտով: 1995 թ. դպրոցը անվանակոչվել է լեզվաբան ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի անունով:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները, համագյուղացիները հպարտությամբ են հիշում նախկին շրջանավարտներին, ինչպիսիք են` Արարատ Սահակի Ղարիբյանը, Պարույր Տիգրանի Սահակյանը, Խաչատուր Անդրեասի Ավետիսյանը, Սանդրո Գրիգորի Հայրապետյանը, Արարատ Սահակի Դիլոյանը, Տաճատ Հովհաննիսյանը, Սոս Սիսակյանը, Սամվել Սիսակյանը, ովքեր տարբեր գիտությունների դոկտոր պրոֆեսորներ են:

Այգեզարդի Արարատ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի /ՊՈԱԿ/ տնօրենն է, ծնունդով Արտաշատից՝Նունե Բաբլոյանը: Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, որից հետո աշխատանքի է անցել Այգեզարդի միջնակարգ  դպրոցում որպես ուսուցչուհի: 2016 թվականից ընտրվել է դպրոցի տնօրեն:

 Իմ զրուցակիցն է, Այգեզարդ համայնքում գործող դպրոցի տնօրեն՝ Ն. Բաբլոյանը:

– Տիկին Բաբլոյան, դպրոցում կրթամշակութային, մարզական, ի՞նչ միջոցառումներ, մրցումներ են անցկացվում:

 Ակտիվ է մեր դպրոցի կրթամշակութային և մարզական կյանքը: Դասը շարունակություն պիտի ունենա դասից դուրս, և այն իրականացվում է առանձին  ուսուցիչների, դասղեկների, աշակերտական խորհրդի և դպրոցի տնօրենության օգնությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվում են 60-80 միջոցառումներ` նվիրված Գիտելիքի, Անկախության, Ուսուցչի օրվան, Ամանորին, Բանակի օրվան, Մարտի 8-ին, Եղեռնին, Մայիսյան հաղթանակներին, առանձին գրողների հոբելյաններին, անցկացվում են բազմաթիվ գիտակության մրցույթներ, դասղեկի բաց պարապմունքներ, ներկայացումների դիտումներ, զբոսայցեր նշանավոր մարդկանց տուն-թանգարաններ, մշակութային այլ օջախներ, Հայաստանի տեսարժան վայրեր, ճամփորդություններ, քայլարշավներ, պատերազմի վետերանների հետ հանդիպումներ, մարզական տարբեր մրցումներ` շախմատի, ֆուտբոլի, կարատեի:

Դպրոցի սան Գ. Մանուկյանը մարզում է դպրոցի աշակերտներին սեփական նախաձեռնությամբ՝ կարատեի ֆուլկոնտակտ ոճով: Դպրոցի աշակերտները մասնակցել են շախմատի հանրապետական մրցումներին  Կարծում եմ, որ մեր սպորտային հաջողությունները էլ ավելի մեծ կլինեն, եթե ունենանք պատշաճ մարզագույք, բարեկարգ մարզահրապարակ, մարզադահլիճներ:

Դպրոցում գործում է <Լույս> ազգագրական պարի խումբը, որի աշխատանքը համակարգում է պարուսույց Ա. Խաչատրյանը ( դպրոցի նախկին ուսուցիչներից է): : Երեխաները  հանրապետական առարկայական օլիմպիադաներից վերադարձել են պատվոգրերով, գովասանագրերով: 

–  Դպրոցների, ուսումնական հաստատությունների հետ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև զորամասի հետ համագործակցու՞մ եք:

 Մեր դպրոցի սաները միշտ էլ փայլել են իրենց գիտելիքներով, սովորել և այժմ էլ սովորում են ՀՀ տարբեր պետական ԲՈՒՀ-երում: Համագործակցում ենք մարզի գրեթե բոլոր դպրոցների հետ, ունենք նաև ուսուցիչներ, որոնք համագործակցում են Երևանի, Լոռու մարզի, Լեռնային Ղարաբաղի մի շարք դպրոցների ուսուցիչների, ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դասախոսների հետ:

ՊՆ N զորամասի հետ ունենք տարեկան համատեղ միջոցառումների պլան, որի իրականացմանը հետևողական են թե՛ դպրոցի տնօրենն ու ռազմագիտության ուսուցիչը, թե՛ զորամասի հրամանատարությունը:

– Այսօր դպրոցի առջև,  ի՞նչ խնդիրներ կան ծառացած:

 Մեր դպրոցն ունի վերանորոգման կարիք: Գործում է 1961թ-ի ջեռուցման համակարգը: Դպրոցը զինված չէ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով, քիմիայի և ֆիզիկայի լաբորոտորիաները կիսադատարկ են, աշխարհագրության, պատմության քարտեզները մաշված են: Մեր զրույցի ընթացքում  նշեցի նաև բարեկարգ մարզադահլիճ, մարզահրապարակ ունենալու և նոր մարզագույքի անհրաժեշտության մասին:

–  Դպրոցում իրականացվող աշխատանքներին, ո՞ր կազմակերրպություններն են աջակցում:

–  Դպրոցում կազմակերպվող աշխատանքներին բարոյական և նյութական աջակցություն է ցույց տալիս մարզպետարանը, ինչպես նաև համայնքապետարանը, երիտասարդ համայնքապետ Ա. Ավետիսյանը: Վերջինս սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիներին նվիրում է պայուսակներ, գրենական պիտույքներ, փոխադրամիջոց է տրամադրում` ապահովելով աշակերտների այցելությունը կրթամշակութային հաստատություններ, դրամական օժանդակություն է ցուցաբերում դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին վերջին զանգի կապակցությամբ: Նա մշտապես ուսուցչի և դպրոցի կողքին է և ամեն ինչ անում է սիրով և պատրաստակամությամբ:

Այս տարի <Computex> ընկերությունը Հոլանդիայից դպրոցին մեկ համակարգիչ է նվիրել,4 համակարգիչ էլ ես եմ իմ կապերի շնորհիվ ձեռք բերել: <Հայդպրոց> հիմնադրամն էլ դպրոցին նվիրեց 13 գրատախտակ, 15 զույգ դպրոցական սեղան և աթոռ:

–  Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

 Ցանկալի է , որ վերանայվեն ուսումնական ծրագրերը, չափորոշչային պահանջները մեղմացվեն, հետաքրքրություն մտցվեն ուսումնական ծրագրերի մեջ: Կցանկանայի , որ ամռանը մեծ թվով աշակերտներ լինեն ճամբարներում, նրանց ամառային արձակուրդները լինեն նպատակամետ և բովանդակալից:

 Դաստիարակչական աշխատանքները չպետք է դոփեն իրենց տեղում, պետք է ընթանան ժամանակին համապատասխան: Դա միայն դպրոցի խնդիրը չպիտի դառնա:

Մեր երկիրը  պիտի ունենա հայրենիքի հուսալի պաշտպաններ:

                                                                           Մանվել  Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments