Հայաստանը կդադարեցնի՞ մասնակցությունը բանակցություններին

- in Կարծիք

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից հետո հայտարարել է, որ հիասթափված է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել գոնե քաղաքացիների՝ հետընտրական ցույցերի իրավունքը:

Մինչդեռ, հիմքեր կան ենթադրելու, թե Ադրբեջանին ինչու էր անհրաժեշտ այսքան թանկարժեք միջոցառում անցկացնել, երբ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտին ընդամենը մեկ տարի էր մնում: Ինչպես պարզվեց, Ալիեւը փորձում էր ձեւավորել խորհրդարան, որում նաեւ «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» կլինեն:

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի «ղարաբաղյան համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ադրբեջանական մամուլը դա ներկայացրել է որպես ադրբեջանական դիվանագիտության մեծագույն ձեռքբերում եւ «ղարաբաղյան համայնքի» ճանաչում ԵԱՀԿ կողմից: Թուրալ Գյանջալիեւը նշել է, որ «շարունակում է իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի շրջանի ներկայացուցչի կարգավիճակում»:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում»:

Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ասել է, որ Արցախի Հանրապետության տարածքը Արցախի իշխանությունների լիարժեք ու օրինական վերահսկողության ներքո է, եւ ոչինչ հակառակը չի մատնանշում:

Հայաստանում փորձագետներն ասում են, որ անհրաժեշտ է ճշտել միջնորդների վերաբերմունքը ապագա բանակցությունների ձեւաչափի ու առարկայի նկատմամբ: Նշվում է, որ եթե ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի պատգամավորին ճանաչի «Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ», ապա մենք պետք է վերանայենք բանակցությունների հանդեպ վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում նույնպես հիշատակվել է բանակցություններին «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների» մասնակցության մասին: Ըստ ամենայնի, Բաքուն փորձում է բանակցություններին Արցախի մասնակցության Հայաստանի պահանջը համահարթեցնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին «պատասխան» առաջարկով: Ընդ որում, խորհրդարանում արդեն կա «ընտրված ներկայացուցիչ»: Ահա թե ինչու էին արտահերթ ընտրություններ անհրաժեշտ: Թե՞ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է դրանով այլ խնդիրներ ծածկել:

Ղարաբաղի ադրբեջանական համայնքը նույնքան ուրվական է, որքան Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments