Հայաստանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ,

Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են։

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ կապված հյուպատոսական բաժնի աշխատանքի դադարեցման հետ:

«Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:

Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments