Հայաստանի անվտանգությունը. Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն

- in Հրապարակ

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նրանք անդրադարձել են «տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G տեխնոլոգիայի, կիբեռանվտանգության ուղղություններով», ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Աշխարհը գնում է 5G ցանցի ներդրմանը, որը կարող է հեղափոխական փոփոխություններ բերել մեր կենսակերպում, բայց նաեւ անվտանգության սպառնալիք դառնալ: Այդ ցանցն արդեն համաշխարհային քաղաքականության մաս է: Փորձագետներն ասում են, որ անհասկանալի ավիաաղետները, կառավարման կորուստը, հոսանքի անջատումները, վթարները եւ այլ դեպքեր կարող են պայմանավորված լինել գլոբալ ցանցի միջոցով կառավարման համակարգերին միջամտությամբ:
Հատկանշական է, որ 5G ներդրման տեխնոլոգիան միայն չինական Huawei-ն ունի, որը պատրաստ է հենց այսօր ամբողջ աշխարհն ապահովել հուսալի կապով: Բայց ԱՄՆ-ն ու Եվրոպան դա համարում են «աշխարհի տերը» դառնալու Չինաստանի փորձը:

Հունվարի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել 5G ցանցի ստեղծման գործում չինական Huawei ընկերության հնարավոր դերի մասին բրիտանական իշխանությունների որոշման վերաբերյալ:

Եվրամիությունն աշնանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել 5G առաջին ցանցերը, բայց օտարերկրյա ընկերությունների մասնակցությունն այդ համակարգերի ստեղծմանը կսահմանափակի՝ հաշվի առնելով ազգային անվտանգության սկզբունքները: Խոսքն իրավական բազայի ստեղծման մասին է, որը կսահմանափակի չինական Huawei ընկերության պես ընկերությունների մասնակցությունը եվրոպական 5G համակարգի ստեղծմանը: Բայց, ինչպես ասում են, առանց դրա չի ստացվի:

Բանն այն է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ չունեն չինական 5G համակարգերի սեփական անալոգը: Ամերիկյան Cisco, Verizon ընկերություններն աշխատում են այդ ուղղությամբ, բայց դեռ էական արդյունքի չեն հասել:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ չեն կարողանա ապահովել Արեւմուտքի անվտանգությունը, եթե իրենց դաշնակիցներն ամբողջությամբ կախված լինեն Արեւելքից: Նա այդ երկրներին բարդ ընտրության առաջ է դրել: Ամերիկացիները, օրինակ, հայտարարել են, որ Վարշավան պետք է ընտրի հինգերորդ սերնդի ցանցի եւ ամերիկյան «Ֆորտ Թրամփ» ռազմաբազայի կառուցման միջեւ:

Ի՞նչ ընտրություն կարող է անել Հայաստանը: Թրեյսիի ու Ավինյանի զրույցը կապվա՞ծ էր այդ բարդ ընտրության հետ:

Հատկանշական է, որ Հայաստանում հնարավոր է միավորվեն երկու խոշոր բջջային օպերատորներ՝ Բիլայնը եւ Յուքոմը, եւ դա կարող է կապված լինել 5G ցանցի ներդրման հետ: ՀԾԿՀ հաղորդագրությունում նշված է, որ բջջային կապի շուկայի զարգացման միջազգային միտումները (ներառյալ 5G տեխնոլոգիայի ներդրումը) պահանջում է ռեսուրսների համատեղ օգտագործում ու հնարավորությունների միավորում, որը հաճախ բերում է ոլորտի մասնակիցների կոնսոլիդացիայի:

Itel.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երրորդ օպերատորի՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը պատրաստ է սկսել 5G-ի ներդրումը Հայաստանում: «ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը վաղուց է պատրաստ 5G-ի ներդրմանը, քանի որ 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաեւ 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով», – ասել է նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Huawei-ն այստեղ վաղուց է աշխատում: 2019 թվականի աշնանը Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հրաժարվեց 5G համար տրամադրել այն ռադիոհաճախականությունները, որոնք օգտագործում են զինվորականները: Բայց առանց այդ հաճախականությունների Ռուսաստանն անխուսափելիորեն հետ կմնա նոր ցանցի ստեղծման հարցում, նշել են Ռուսաստանի կապի նախարարությունում:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նույնպես կոչ է արել դաշնակիցներին ու գործընկերներին թույլ չտալ Huawei ընկերությանը մասնակցել հինգերորդ սերնդի ցանցերի ստեղծմանն իրենց երկրներում: Պոմպեոն ասել է, որ չինական ընկերությունների կողմից գաղափարների գողացման վախերը զրկում են ամերիկյան ձեռնարկատերերին եկամուտներից, բայց գլխավոր խնդիրն այն է, որ դրանք կոնկրետ ընկերությունների մտահոգություններ չեն, այլ վնասում են տնտեսության նորարարական ճյուղին:

Ի՞նչ է ԱՄՆ-ն դրա փոխարեն առաջարկում Հայաստանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments