Հայաստանն ամենևին էլ միակ երկիրը չէ, որտեղ նախագահներ են դատում

- in Ով ով է ...
Serj Robert

Փետրվարի 25-ին Հայաստանում ուշագրավ իրադարձություն է տեղի ունենալու։ Այդ օրը մեկնարկելու է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը ու նաև նշանակված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատաքննության հերթական նիստը։

Հայաստանի հասարակությունը հեղափոխությունից հետո արդեն վարժվել է այն իրողությանը, որ պատասխանատվության կարող է կանչվել անգամ նախկին նախագահը ու նրան չի կարող փրկել ոչ մի անձեռնմխելիություն։ Հիմա, ըստ էության, նոր իրավիճակ է ստեղծվում, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվում մեկ այլ նախագահ։ Չնայած՝ եթե անկեղծ լինենք, ապա հասարակության մեծամասնությունը նույն հարթության վրա է դնում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ նրանց ամբողջացնելով քրեօլիգարխիկ նախկին համակարգում կամ՝ այսպես կոչված, «ղարաբաղյան» կլանում։

Սակայն Հայաստանն ամենևին էլ միակ երկիրը չէ, որտեղ նախագահներ են դատում, ընդ որում՝ կան երկրներ, որտեղ ամբաստանյալի կարգավիճակ են ունեցել մի քանի նախագահներ։

Անցած տարվա մարտին Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալել է երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին, որն ավելի ուշ ազատ է արձակվել՝ չբացակայելու ստորագրություն տալով։ Իհարկե, Տեմերի դիվանագիտական անձնանգիրն առ ոչինչ է ճանաչվել ու կալանքի տակ է առնվել նրա ողջ ունեցվածքը ու այդ սահմանափակումները հաստատապես կշարունակվեն մինչև դատավարությունը։ Ուշագրավ է, որ Տեմերին առաջադրված մեղադրանքները հար և նման են այն մեղադրանքերին, որոնք առաջադրված են Քոչարյանին ու Սարգսյանին։ Օրինակ՝ եթե Սարգսյանը պետության միջոցների մսխում է կատարել՝ սպասարկելով «Ֆլեշի» բիզնես շահերը, ապա Բրազիլիայի նախկին նախագահը «արտոնյալ» պայմաններ է ստեղծել Rodrimar S. A. ընկերության համար։ Տեմերը, Քոչարյանի օրինակով, մեղադրվում է կաշառք ստանալու համար․ բայց նրա ախորժակը կարծես ավելի համեստ է եղել՝ 260 հազար դոլար։

Ի դեպ, Տեմերը Բրազիլիայի երրորդ նախկին նախագահն է, որին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվում։

Կոռուպցիոն վարակը տարածված է նաև եվրոպական առաջատար երկրներում։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերին կկանգնի դատարանի առջև՝ հենց կոռուպցիոն մեղադրանքերով։ Նա, ի դեպ, Ֆրնասիայի առաջին նախագահն է, որը մեղադրվում է կոռուպցիոն գործով։ Ուշագրավ է, որ 2007-2012թթ-ին երկիրը նախագահած Սարկոզին անձեռնմխելությունը կորցրել է պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո, սակայն Ֆրանսիայում որևէ մեկը սա քաղաքական հետապնդում չի համարել։

Ֆրանսիայի մեկ այլ նախագահ՝ Ժակ Շիրակը 2011-ին պայմանական դատապարտվել է՝ պետական միջոցների վատնման մեղադրանքով, սական նա չարաշահումներն արել է ոչ թե նախագահի, այլ՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում։

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին սկզբնապես առաջադրված էր մեղադրանք պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշով։ Գուց բանը նրա կալանավորմանը չհասներ, եթե Աթամբաևը անցյալ տարի զինված դիմադրություն ցույց չտար իրվապահ մարմիններին, ինչի հետևանքով նա ոչ միայլ կալանավորվեց, այլ նաև մեղադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և սպանության մեջ։

Հետխորհրդային մեկ այլ նախագահ՝ Ուկրաինան 2010-14թթ-ին ղեկավարած Վիկտոր Յանուկովիչը «գնացել» է Քոչարյանի հետքերով՝ 2014-ի ուկրաինական հեղափոխության օրերին տալով խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրաման։ Նա հեռակա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն կալանավորի կարգավիճակից խուսափել է՝ ճողոպրելով հայրենիքից ու «տաքուկ անկյուն» գտնելով Ռուսաստանում։ Սա նույնպես ծանոթ պատմություն է մեր ընթեցողների համար, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Ռուսաստանում ապաստանել են Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ։

Մուհամմդեդ Մուրսին Եգիպտոսի առաջին ընտրված լեգիտիմ նախագահն էր, բայց արդարադատությունից խուսափել չկարողացավ՝ իր մահկանացուն կնքելով հենց դատարանի դահլիճում։

Եվ վերջապես՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն երկու տարի առաջ դատապարտվեց 25 տարի ազատազրկման ու 17,8 միլիոն դոլար տուգանքի՝ կոռուպցիոն գործերով։

Քոչարյանն ու Սարգսյանն՝ այսպիսով, ամենևին էլ օրիգինալ չեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments