Ադրբեջանը խոսում է տարածքներից, բայց մենք խոսում ենք անվտանգությունից՝ Գերմանիայում Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում փորձագետների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցիներից մեկի հարցին:

Հայաստանի վարչապետը հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի պատմությունը, թե ինչպես է Ադրբեջանում հերոսացվել հայ սպային կացնահարած մարդասպանը: Նիկոլ Փաշինյանը այդ օրինակով ցույց է տվել, թե որն է խնդիրը, ասելով, որ Արցախն ու Հայաստանը պատրաստ չեն զիջել անվտանգությունը, ինչպես որ որևէ երկիր պատրաստ չէ իր անվտանգությունը զիջել:

Փաստացի Հայաստանի վարչապետը արձանագրել է շատ կարևոր իրողություն՝ գործնականում հայտարարելով, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ չեն որևէ զիջման, որովհետև անվտանգությունը չի զիջվում:

Երևանի այդ կոշտ հայտարարությունը հատկանշական է այն ֆոնին, որ հնչել է Մյունխենի անվտանգային համաժողովի շեմին, որին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Կլինի՞ հանդիպում Փաշինյանի և Ալիևի միջև՝ այս պահին դեռևս պարզ չէ, սակայն այն, որ Մյունխենի համաժողովից առաջ Երևանը սահմանում է բավականին կոշտ նշաձող, արդեն իսկ խոսուն է՝ մեծ հաշվով, անկախ հանդիպման լինել-չլինելուց:

Միևնույն ժամանակ այստեղ շեշտադրումների էականությունը լոկ Ալիևի Մյունխենում գտնվելով կամ Փաշինյան-Ալիև հանդիպման շրջանակով չէ պայմանավորված: Բանն այն է, որ մյունխենյան համաժողովը ըստ էության միջազգային անվտանգության, այսպես ասած, ճարտարապետական ամենամյա փորձաքննությունն է: Իսկ Հայաստանն ու Արցախը առնվազն քառորդ դար միջազգային անվտանգության «կոնստրուկցիայի» էական մաս են կազմում, իրենց էական լուման են բերել արցախյան հաղթանակով և 2016 թվականի ապրիլյան քառօրյայում դիմակայել են այդ կոնստրուկցիան խափանելու ադրբեջանական փորձին:

Եվ այդ իմաստով «անվտանգության անզիջելիության» մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը Մյունխենի անվտանգային «ամենամյա փորձաքննությունից» առաջ ունի առանցքային նշանակություն՝ հաշվի առնելով, որ գերմանական այդ քաղաքում է հավաքվում համաշխարհային ռազմաքաղաքական սերուցքը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •