Հայաստանում էական ռեսուրսներ են դրվելու թե՛ փակման, թե՛ «չփակման» առումներով խուճապ և որոշակի տեղեկատվական քաոս ստեղծելու վրա

- in Կեղտոտ լվացք

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է կորոնավիրուսի վտանգի պայմաններում հարևան Իրանի հետ հաղորդակցության ռեժիմի փոփոխության մասին կառավարության որոշման վերաբերյալ:

Ըստ այդմ, ինչպես ազդարարվել էր ավելի վաղ՝ կդադարեցվի սահմանային հաղորդակցությունը՝ քաղաքացիների անցուդարձի առումով: Միաժամանակ, բեռնափոխադրումները չեն դադարեցվի՝ կսահմանվի վարորդների ստուգման հատուկ ռեժիմ: Չի դադարեցվի ավիահաղորդակցությունը, դարձյալ կկիրառվի ստուգման հատուկ ռեժիմ: Որևէ սահմանափակում չի լինելու իրանցիների՝ հայրենիք վերադառնալու, և հայաստանցիների՝ Հայաստան վերադառնալու առումով: Փաշինյանը հայտարարել է Հայաստանի ու Իրանի կառավարությունների միջև փոխադարձ հաղորդակցության և տվյալների փոխանակման մասին ու նաև ազդարարել, որ Հայաստանն ունի վարակի հայտնաբերման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:

Այդպիսով, հայ-իրանական սահմանը գործնականում զգալիորեն փակ է, ինչը բնականաբար պայմանավորված է Հայաստանի քաղաքացիների անվտանգային անհրաժեշտությամբ: Այդ առնչությամբ ապոկալիպտիկ և «ապոլիտիկ» մեկնաբանություններն ու գնահատականները բացարձակապես համարժեք չեն թե՛ խնդրին, թե՛ Հայաստանի անվտանգությանը, թե՛ հայ-իրանական հարաբերությանը: Ավելին, ակնառու է, որ կառավարությունը կայացրած որոշմամբ հայ-իրանական սահմանային հաղորդակցությունը փակում է ոչ ամբողջությամբ: Պետք չէ բացառել անշուշտ, որ հարևան երկրում վարակի տարածման դինամիկայից կախված՝ կարող է առաջանալ այն ամբողջապես փակելու, այսինքն՝ քաղաքացիների անցուդարձի ռեժիմն էլ ավելի խիստ միջոցներով դադարեցնելու որոշում:

Ինչպիսին էլ լինի, սակայն, խստության ռեժիմը, դա բացարձակապես չի նշանակելու հայ-իրանական հարաբերության ռեժիմի փոփոխություն: Այստեղ չափազանց կարևոր է իրավիճակի տեղեկատվական կառավարումը, որովհետև թե՛ զուտ առողջապահական, թե՛ քաղաքական տեսանկյունից գլխավոր մարտահրավերը նաև տեղեկատվությունն է և խուճապը: Առավել ևս, որ անցնող հանգստյան օրերին նկատվեց՝ Հայաստանում էական ռեսուրսներ են դրվելու թե՛ փակման, թե՛ «չփակման» առումներով խուճապ և որոշակի տեղեկատվական քաոս ստեղծելու վրա:

Այդ խնդիրն ընդհանրապես ոչ միայն ներհայկական, այլ նաև ավելի լայն՝ միջազգային իրավիճակին բնորոշ խնդիր է: Ակնառու է, որ մի կողմից՝ իր դինամիկան ունի վարակի տարածումը, մյուս կողմից՝ ստեղծված իրավիճակը մի շարք ամենատարբեր խմբերի համար դարձել է խուճապի տարածման և այդ միջոցով տարբեր հարցեր լուծելու միջոց:

Դրա դրսևորումն իհարկե ներհայաստանյան ծավալներով արդեն իսկ նկատելի է Հայաստանում, որի տարածումը կանխելը վարակի տարածման ռիսկերը չեզոքացնելուն զուգահեռ կարևոր քայլերից մեկն է:

Առավել ևս, որ պետք չէ բացառել նաև ավելի լայն՝ արտաքին միջավայրերում խնդրի, այսպես ասած, տարածումը նաև Հայաստանի ուղղությամբ, քանի որ կարող են այդ տեղեկատվական խուճապի «հայաստանյան ուղղության» հարցում լինել նաև արտաքին էական շահառուներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments