Հայկական հարցն անհանգստացրել է Բաքվին. արաբական նոր գարուն

- in Հրապարակ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի անվտանգության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդիպել է Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:

Այդ հանդիպումը հատկանշական է ոչ միայն հայ-արաբական բազմադարյա հարաբերության, այլեւ մերձավորարեւելյան ռեգիոնում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:

Սիրիայի խորհրդարանը 2020 թվականի փետրվարի 14-ին միաձայն ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւ, այդպիսով դառնալով հայերի ցեղասպանությունը ճանաչած արաբական երկրորդ պետությունը Լիբանանից հետո:
Սիրիայի ճանաչումը տեղի ունեցավ բավականին վճռորոշ շրջափուլում, երբ սիրիական Իդլիբ շրջանում տեղի է ունենում ռազմական թեժ բախում մի կողմից սիրիական բանակի եւ թուրքական ուժերի, մյուս կողմից Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են պայմանավորվել Իդլիբի հարցում, ինչն առայժմ չի ստացվում: Այդ ֆոնին, Բաշար Ասադը խաղի մեջ է մտցնում հայկական հարցը:

Ադրբեջանական մեդիա-փորձագիտական տիրույթում տեսակետ կա, որ Ասադի որոշման հետեւում Ռուսաստանն է: Չի բացառվում, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է ինքնապահովագրվել ռուս-թուրքական թեժության որեւէ հետեւանքից, որ կարող է լինել Բաքվի համար:

Միեւնույն ժամանակ, որ Թուրքիայի համար Ռուսաստանը հայկական հարցի չեզոքացման առանցքային գործընկերն է եւ սպասավորը: Համենայն դեպս, Մոսկվան ինքն է գործնականում դրել իրեն այդ վիճակում, քանի դեռ հավատարմություն է պահում ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրի հանդեպ, որը հայկական սուբյեկտության ոչնչացման պայմանագիր է:

Այդ պատմա-քաղաքական խորքի եւ ներկայիս թեժ իրադրության ֆոնին Սիրիայում հայկական հարցի խաղարկումը անշուշտ բազմաշերտ իրողություն է, որը Հայաստանի համար մի կողմից կարող է լինել քաղաքական հնարավորություն, մյուս կողմից իհարկե մարտահրավեր: Այստեղ շատ կարեւոր է դառնում, որ Երեւանը գտնի գործընթացի եւ խաղի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, բազմակողմանի աշխատանքով: Այդ իմաստով էլ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ստանում է առանձնահատուկ հետաքրքրություն:

Կգնա՞ ճանաչման շարք արաբական շղթայում, ապրիլին ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով սկզբնավորելով արաբական յուրօրինակ «գարուն», այդպիսով ընդլայնելով եւ ավելի բազմազան դարձնելով գործընթացն ու խաղի շրջանակը, ինչը Երեւանին թույլ կտա ապահովագրվել հնարավոր մանիպուլյատիվ ռիսկերից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments