Հայկական պետականության տնտեսական մրցունակության հիմքը պետք է լինի համաշխարհային հայկական ներուժը

- in Տնտեսական
Hashvark

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-ին այցելել է ներդրումների աջակցման կենտրոն և ծանոթացել գործունեությանը, նաև խոսել հետագա ծրագրերի արդյունավետության համար ճանապարհային քարտեզի ներկայացման անհրաժեշտության մասին, տալով հանձնարարական:

Վարչապետի այցը անկասկած կարող է տեղավորվել աշխատանքային կարգով օրվա ընթացքում կատարվող բազմաթիվ քայլերի շրջանակում, սակայն կա մի նրբերանգ, որը ստիպում ու նաև հիմք է տալիս խոսել թեմայի շուրջ առավել հանգամանալից: Փետրվարի 22-ին Արցախում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, արդեն երրորդը թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում: Երրորդ նիստը առանձնացավ թերևս նրանով, որ ռազմա-քաղաքական բովանդակությանն առնչվող կարևոր շեշտադրումներից բացի, էական անդրադարձ և օրակարգում հատկանշական տեղ տրվեց տնտեսական խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Արցախի տնտեսական մրցունակությունը, որովհետև հենց այդ հանգամանքն է, որ պետք է լինի հայկական պետականության բոլոր առումներով անվտանգունակության հիմքը:

Առաջին հայացքից խոսքը պարզագույն ճշմարտության մասին է, որ պարզ է առանց վարչապետի կամ որևէ մակարդակով հավելյալ արձանագրումի: Մյուս կողմից այն, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում դրվում է հարցը, ձևակերպվում օրակարգում, խոսում է խնդրի համարժեք գնահատման և առարկայական մոտեցման փորձի մասին:

Ընդ որում հատկանշական է, որ այդ մասին խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողություններին և առաջարկել տնտեսական մրցունակության հարցերը քննարկել հենց այդ համատեքստում: Ահա այդ միջավայրն է, որ տալիս է Ներդրումների աջակցման կենտրոն վարչապետ Փաշինյանի այցի հանդեպ հատկանշական ուշադրության հիմք: Հայաստանում հեղափոխությունից հետո ներկայացվում են տնտեսական աճի վիճակագրական տվյալներ, որոնց մի զգալի մասն աննախադեպ է վերջին տասնամյակի համար:

Մյուս կողմից ակնառու է, որ այդ վիճակագրությունը բավարար չէ, օրինակ, առաջիկա տասնամյակի ռազմա-քաղաքական մարտահրավերների ծավալին հակազդելու համար, և Հայաստանն ունի տնտեսական աճի դինամիկայի բազմապատկման անհրաժեշտություն, տնտեսական ծավալների ու նաև բնույթի դիվերսիֆիկացվածությունը էապես ավելացնելու անհրաժեշտություն: Այստեղ ակնառու է թե՛ ներքին ռեսուրսների առավելագույն արդյունավետությամբ գործարկման մեխանիզմի անհրաժեշտությունը, թե՛ նաև արտաքին ռեսուրսների ներգրավումը: Ընդ որում՝ այդ ասպեկտը չպետք է թերագնահատել, որովհետև աշխարհին կապվելով նաև տնտեսական փոխադարձ հետաքրքրությամբ ու թելերով, մենք ձեռք ենք բերում դաշնակցային հավելյալ ներուժ:

Վերջին հաշվով, համաշխարհային քաղաքականությունը կառուցվում է թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ գեո-տնտեսական շահերի վրա, և այստեղ նույնպես պետք է ձգտել հասնել մրցունակության հնարավորինս բարձր մակարդակի: Անկասկած է, որ հայկական պետականության տնտեսական մրցունակության հիմքը պետք է լինի համաշխարհային հայկական ներուժը, բայց մյուս կողմից աներկբա է, որ չի կարող և չպետք է տնտեսությունը մեկուսանա այսպես ասած՝ «էթնիկ» շրջանակում: Համահայկական ներուժը պետք է ենթադրի հենց համաշխարհային տնտեսական շահերին, գեո-քաղաքական տրամաբանությանն ինտեգրվելու նոր հնարավորություն: Այն անկասկած պարունակում է նաև իր մարտահրավերները, սակայն այդ իմաստով, ժամանակակից աշխարհում մարտահրավերը դարձել է առօրյա անբեկանելիություն, ըստ այդմ պետք է հնարավորությունները փնտրել առանց ռիսկերից վախենալու: Հայաստանի տնտեսության ապագան չի կարող կառուցվել նախկին իշխող համակարգի յուրացրածը վերադարձնելու վրա: Դա չի նշանակում, որ այդ իրավա-քաղաքական պատասխանատվության հարցը չպետք է լինի հանրության օրակարգում, սակայն դա չի կարող լինել ապագայի վերաբերյալ պատկերացումների կմախքն ու «ճանապարհային քարտեզի» ուրվագիծը: Հայաստանի և Արցախի տնտեսական մրցունակությունը պահանջում է մտածողության աշխարհաքաղաքական մասշտաբ, որովհետև, վերջին հաշվով, այդ մրցունակության ռիսկերն ու մարտահրավերներն էլ աշխարհաքաղաքական են, և, ըստ այդմ, հնարավոր չէ այդ մասշտաբի խնդիրների լուծումները դիտարկել մտածողության ու պատկերացումների ավելի փոքր շրջանակով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments