Հանրային պատկերացումները որքանո՞վ են ռացիոնալ միլիարդների մասին

- in Տնտեսական

Մանդատ եմ ստացել նաև միլիարդները հետ բերելու համար՝ նախօրեին իրավապահների հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով և հանձնարարելով ավելացնել հակակոռուպցիոն պայքարի դինամիկան ու ծավալները:

Հարցի իրավաքաղաքական և բարոյահոգեբանական կողմը հասկանալի է, այն շատ քննարկված է, թեև խնդիրը այնքան բազմաշերտ է, որ ունի քննարկումների լայն տեղ: Այդուհանդերձ, կա նաև հարցի, այսպես ասած, հաշվապահական կողմը: Քանի՞ միլիարդի մասին է խոսքը: Եվ այդ հարցը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունն այդ առնչությամբ ունի տարաբնույթ պատկերացումներ ու կարծիքներ: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը հանրային գիտակցության և հոգեբանության մեջ բավականին խոր հետք թողած խնդրի մասին է, պետք է նկատել, որ դրա պատասխանը, դրա սահմանումը կամ ճշգրտումները ստանում են, այսպես ասած, հասարակաստեղծ նշանակություն, պայմանավորելու են հասարակական կյանքի ապագան օրակարգի և մթնոլորտի տեսանկյունից:

Ի վերջո, հանրային պատկերացումները որքանո՞վ են ռացիոնալ միլիարդների մասին, որքանո՞վ են իրատեսական, թե՞ դրանք ձևավորվել են նաև նախկին տարիներին ընդդիմությունների ներազդեցության շնորհիվ, որի նպատակն էր առավել սրել հանրության բացասական վերաբերմունքը իշխող համակարգի հանդեպ: Որովհետև խնդիրն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հանրությունն արդեն կարող է հայտնվել այդ վերաբերմունքի ծուղակում՝ անընդհատ գտնվելով միլիարդների վերաբերյալ քննարկումների և դիտարկումների, անընդհատ սպասումների մեջ, բաց թողնելով ստեղծարար օրակարգի հնարավորությունը: Եվ այդ հարցի հանգուցալուծման գործում առանցքային շահագրգռություն պետք է ունենա կառավարող նոր վերնախավը, որի հեռանկարային շահը պետք է ենթադրի հնարավորինս արագ հանրային անցում ստեղծարար օրակարգի: Ըստ այդմ էլ՝ վերնախավը պետք է հնարավորինս արագ լուծի պետությունից յուրացվածի հարցը՝ գոնե սկզբունքային ընդհանուր շրջանակներում, և նաև օգնի հանրությանը հաղթահարել այդ հարցի հոգեբանական ներգործությունը:

Դրա վերաբերյալ խոսակցություն Նիկոլ Փաշինյանը ծավալեց խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում, բայց մասամբ: Նա անդրադարձավ այն հանգամանքին, թե վերադարձի ո՞ր ծավալն է, որ պետք է բավարարի հանրությանը տվյալ անձի հանդեպ «համաներման» համար: Իսկ այդ հարցի պատասխանն էլ հնարավոր է, եթե պարզ լինի, թե ով ինչքան պետք է վերադարձնի, ով ինչքան ունի իրականում, ունեցածի հարաբերակցությունն ինչպիսին է ծագման օրինականության տեսանկյունից, որքան են, ի վերջո, միլիարդները, ինչ գնահատական ունի այդ առնչությամբ նոր իշխանությունը, և ինչքանով է այն տարբերվում հանրության գնահատականից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախորդ 30 տարում պետությունից և հանրությունից յուրացված միլիարդավոր դոլարների վերադարձն ապահովելու մանդատի մասին, որի համար է նաև իրեն վստահության քվե տվել հանրությունը: Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է այդ խնդրի լուծման գործում իրավապահ համակարգի բարձրաստիճան օղակներում եղած արգելակների, «դավաճանների» մասին: Աներկբա է, որ խոսքը հետհեղափոխական ամենաարդիական թեմաներից մեկի մասին է, որը հանրության շրջանում ունի նաև խիստ զգայական ընկալումներ:

Այդ իմաստով, Սահմանադրական հանրաքվեի գործընթացի մեկնարկին զուգահեռ, այդ թեմայի շոշափումը ակներևաբար կարող է լինել այսպես ասած՝ ընտրական տեխնոլոգիա: Մյուս կողմից, խնդիրը, անշուշտ, նաև առնչվում է կառավարող մեծամասնության կամ մասնավորապես վարչապետ Փաշինյանի քաղաքական խնդիրներին և անհրաժեշտություններին՝ լինելով դրանք սպասարկելու գործիքակազմի կարևոր սեգմենտներից՝ անկախ հանրաքվեի գործընթացից: Դրանից բացի, անկասկած կա իրապես յուրացրածը վերադարձնելու և ի շահ պետության ծառայեցնելու հրամայականը, այսպես ասած՝ զուտ այդ ռացիոնալության տեսանկյունից: Եվ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց նաև 1,5 միլիարդ դոլար բանակի սպառազինության համար «հետ բերելու» նպատակի մասին: Եվ վերջապես, մեկ այլ առանցքային հանգամանք է այն, որ հանրային այդ պահանջը մշտապես ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ չի ստացել այսպես ասած՝ լեգիտիմ բավարարում, այսինքն՝ հանրությունը չի համարել, որ հարցը առնվազն զգալիորեն օրակարգում սպառված է և փակված: Ընդ որում, դա արդեն բավականին խորքային և բազմաշերտ խնդիր է, քանի որ ուղիղ գալիս և հանգում է առավել առանցքային, ապագային միտված օրակարգին՝ համազգային կոնսենսուսի շուրջ, որ օրերս հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանը:
Այդ գաղափարը կամ առաջարկը նա հնչեցրել էր Արցախում՝ 2019-ի օգոստոսի 5-ին, և վերահաստատել օրեր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողով մեկնելուց առաջ: Անկասկած է, որ միլիարդների վերադարձն ու համազգային կոնսենսուսը էապես կապված են պատճառահետևանքային որոշակի շղթայով: Այդ իմաստով, ստացվում է հետաքրքիր պատկեր, երբ վարչապետ Փաշինյանը, մի կողմից թարմացնելով համազգային կոնսենսուսի գաղափարն ու դրա օրակարգային հենակետերը՝ 6 կետ, մյուս կողմից թարմացնում է յուրացվածը վերադարձնելու դիսկուրսը, այդպիսով փաստորեն կիրառելով կարկանդակի և մտրակի քաղաքականություն նախկին իշխող համակարգի առնչությամբ: Կարկանդակը համազգային կոնսենսուսի օրակարգն է, մտրակը՝ հակակոռուպցիոն պայքարն ու յուրացրածը վերադարձնելու օրակարգը: Որտե՞ղ է հատման կետը: Այն դեռևս չի բարձրաձայնվում, բայց ունի՞ դրա վերաբերյալ հստակ պատկերացում ինքը՝ վարչապետը, թե՞ զուգահեռ գործընթացը նաև պատկերացում ձևավորելու համար է:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments