Հանրաքվեի հակառակ կողմը. Մյունխենը բացահայտեց պատկերը

- in Հրապարակ

Հայաստանում մեկնարկել է Սահմանադրական դատարանի հարցի վերաբերյալ հանրաքվեի քարոզչությունը, Իմ քայլը ձեւավորել է ԱՅՈ-ի շտաբը, իսկ մի խումբ իրավապաշտպաններ էլ ձեւավորել են ՈՉ-ի շտաբ: Քաղաքական ՈՉ-ի շտաբ ձեւավորված չէ, թեեւ գործնականում պարզ է քաղաքական այն ուժերի շրջանակը, որոնք ՈՉ-ի տիրույթում են:

Հանրաքվեի քարոզչության մեկնարկը սակայն հանրության համար մնաց գործնականում աննկատ, ինչի զգալի պատճառը Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բանավեճ-քննարկումն էր: Հայաստանի հանրությունն աշխուժորեն քննարկում է այդ հարցն ու դիտարկում, թե ինչ է ասվել, ինչ կարող էր ասվել, ինչ պետք չէր ասել: Այդ ամենն ուղեկցվում է թե ռացիոնալ խոսքով՝ քննադատական կամ դրական, թե նաեւ անհամարժեք կամ դիտավորյալ ծավալվող նենգափոխումներով:

Որքա՞ն կշարունակվի աշխույժ քննարկումների այդ փուլը: Կուղեկցի՞ այն հանրաքվեի գործընթացը մինչեւ ապրիլի 5: Բանն այն է, որ Մյունխենի առիթով ծավալվող քննարկումը կարող է հանրաքվեի վրա թողնել հետաքրքիր ազդեցություն: Կստացվի, որ ծավալվող գործընթացը ունի «արցախյան» զուգահեռ բովանդակություն, բանավեճ Արցախի հարցի շուրջ: Ու թեեւ այդ բանավեճը ունի որակական աճի մաղթանքի զգալի տեղ, այդուհանդերձ ինքնին կարող է տալ դրական էֆեկտ:

Նախկին իշխանությունը, դրան հարող շրջանակները Մյունխենի առիթով քննադատում են Նիկոլ Փաշինյանին արցախյան հարցում, ինչը առաջ է բերում հակազդեցություն Փաշինյանի համակիրների եւ նրան վստահող հանրային շրջանակներից: Նրան մեղադրում են վատ դիրքի, կամ այլ կերպ ասած՝ «հող հանձնելու» համատեքստում, եւ ստացվում է «չհանձնելու» հակազդեցություն նրան վստահող հանրությունից:

Հանրաքվեի գործընթացի զուգահեռը ապրիլի 5-ի կամարտահայտությունն ինչ որ առումով վերածում է նաեւ այդ հարցի ինդիկատորի:

Իսկ Մյունխենը ոչ միայն Ալիեւի հետ հանդիպման ու դեբատի, այլեւ ընդհանրապես այցի, հանդիպումների, նաեւ Էբերտի հիմնադրամում քննարկման առումով ցույց տվեց, որ ՍԴ դատարանակազմի լուծման ընտրված ձեւը՝ ժողովրդական քվեարկության գործընթաց, պայմանավորված է արտաքին բարդ ու հակասական միջավայրում ճկունության հավելյալ ռեսուրս ստանալու անհրաժեշտությամբ: Դա ակնառու է, երբ իրավիճակը համադրում ենք նաեւ Հայաստանի շուրջ ծավալվող դինամիկ զարգացումներին:

Այդ տեսանկյունից, զուգահեռ ծավալվող թեկուզ զգալիորեն ցածրորակ ներքին բանավեճի բերումով, ապրիլի 5-ի քվեարկության որեւէ տարբերակի պարագայում Հայաստանը ստանում է բարդ արտաքին միջավայրում ճկունության ու դիմադրունակության բարձրացման հավելյալ հեռանկար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments