Հանրաքվեն «լյուստրացիա» է նաև

- in Ով ով է ...

Մի խումբ իրավապաշտպաններ ձևավորել են Սահմանադրական դատարանի հարցի հանրաքվեի «ՈՉ»-ի շտաբը: Այդպիսով ձևավորվում է հանրաքվեի բավականին առանձնահատուկ վիճակ՝ «ԱՅՈ» քաղաքական շտաբի առկայություն և «ՈՉ»-ի քաղաքական շտաբի բացակայության պայմաններում, այսպես ասած՝ մասնագիտական շտաբի ձևավորում, որքան էլ, իհարկե, այդ շտաբը բավականին նկատելիորեն ասոցացվում է «ՈՉ»-ով դիրքավորված քաղաքական շրջանակների հետ: Դա իհարկե չի նշանակում, որ չի լինելու «ՈՉ»-ի քաղաքական սպասարկում:

Այդ առումով հանրությունն ականատես կլինի չֆորմալացված քարոզի, ինչի գլխավոր շարժառիթն անկասկած այն է, որ այդ դաշտում դիրքավորված ուժերը չէին կարող պայմանավորվել քաղաքական կոնկրետ նպատակի շուրջ պատասխանատվությունն ու դիվիդենդները բաժանելու հարցի շուրջ:

Այդ իմաստով սահմանադրական հանրաքվեն մինչ իր հայտարարված նպատակին ծառայելը, մինչ քաղաքական իշխանության համար Սահմանադրական դատարանի դատարանակազմի հարցը լուծելը՝ արդեն իսկ ծառայել է մի նպատակի, լուծել է մի հարց: Խոսքը, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական դաշտում ուժերի հարաբերակցության, հարաբերության և քաղաքական հոգեբանության «լյուստրացիան» է: Բացառված չէ, որ այստեղ էր նաև հանրաքվեի տարբերակի ընտրության քաղաքական շարժառիթներից մեկը: Մեկը, որովհետև շարժառիթային ամբողջ բազան թերևս բավականին բազմաշերտ է, և այստեղ կարող են գերակա լինել ընդհուպ արտաքին գործոնները:

Մեծ հաշվով, «ՈՉ»-ի քաղաքական ճամբարի բացակայության հանգամանքը՝ ինչպիսի բացատրություն էլ առաջնորդները տված լինեն թիմի անդամներին, այսպես ասած, պայքարի առաջնագծում գտնվողներին, միևնույն է՝ բացակայությունն ինքնին առաջին հերթին հարցեր է առաջացնելու թերևս հենց թիմերի ներսում՝ այդպիսով դառնալով հոգեբանական ներգործության որոշակի միջոց:

Իր հերթին, սակայն, հանրաքվեն թիմային «լյուստրացիա» է նաև իշխանության համար, կառավարող մեծամասնության համար: Անկասկած է, որ գործընթացը ներառելու է կազմակերպական լայն ցանց, այդ առումով ներգրավվելու են գրեթե բոլոր ռեսուրսները: Աշխատանքի կազմակերպումը՝ ոչ միայն արդյունքի, այլ նաև ընթացքի իմաստով, կառավարող վերնախավին թերևս հնարավորություն է տալու գնահատելու թիմի վիճակը, ներսում ուժերի հարաբերակցությունն ու հարաբերությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments