Հանրաքվեով վերականգնում ենք 2015-ին Վենետիկի հանձնաժողովի հավանությունը ստացած ՍԴ-ի մոդելը

- in Կարծիք

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է սահմանադրական փոփոխության հանրաքվեով ուզում են վերականգնել ՍԴ-ի այն մոդելը, որը հաստատվել է 2015-ի սահմանադրական փոփոխությամբ՝ ընդ որում ստանալով միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նման գործընթաց նախաձեռնելուց առաջ չեն դիմել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու:

«2015-ի ընդունված սահմանադրության նախագիծը՝ ՍԴ-ի մոդելով, որն այս պահին չի գործում, ուղարկվել է բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում Վենետիկի հանձնաժողովին՝ հաստատման, և այն հաստատվել է դրական եզրակացությամբ: Հիմա այս սահմանադրական փոփոխության հանրաքվեն ընդամենը մեկ հոդվածի մասին է, որով պետք է վերականգնենք ՍԴ-ի այն մոդելը, որը հաստատվել է 2015-ի սահմանադրական փոփոխությամբ, բայց այս պահին չի գործում: Եվ այն մոդելը, որը մենք ուզում ենք վերականգնել, արդեն իսկ հաստատվել և հավանության է արժանացել մեր բոլոր  միջազգային գործընկերների կողմից, ում փաթեթը նախապես ուղարկվել է, որոնց թվին է պատկանում նաև Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Մակունցն ու նկատեց՝ փաստորեն այդ փաթեթը, ՍԴ-ի այդ ձևը մեկ անգամ արդեն իսկ հաստատվել է:
Այնուամենայնիվ, նա նշեց, որ հանձնաժողովին դիմելու հարցում դեռևս վերջնական քաղաքական որոշում չունեն, դեռ ժամանակ ունեն որոշում կայացնելու:

Լիլիթ Մակունցը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմի՝  քարոզարշավ չիրականացնելը համարում է, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունից խուսափում:

Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում. «Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ իրենք մասնակի՞ց են, թե ոչ: Ինձ համար հարցն այլ դաշտում է գտնվում: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում,  դրանով արդեն իսկ իրականացնում են անթաքույց «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ»,- ասաց Մակունցն ու նկատեց՝  թե «Այո»-ն, թե «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացին՝ նա նշեց, որ այն իրավական և սահմանադրական է։ «Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու ՍԴ-ի այն մոդելը, այն ձևը, որը հաստատվել է 2015-ի սահամանադրական փոփոխություններով և, ընդ որում, հավանության է արժանացել միջազգային այն կառույցների կողմից, ում նախապես այն ուղարկվել է որոշակի եզրակացության»,-նշեց նա ու հավելել՝ հարցը վերաբերում է սահմանադրական նորմը վերականգնելուն, Սահմանադրությունն ամբողջապես գործարկելուն:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments