ՀՀԿ-ի հանրային ընդունարանում. Ֆուտուրիզմ

- in Հասարակություն
HHK

Lragir.am-ի Ֆուտուրիզմի բաժին. 

ՀՀԿ-ի նորաբաց հանրային ընդունարան: Մուտքի առջեւի մայթին Շարմազանովն ու Աշոտյանը ձեռքերը տարածած կանչում են՝ «է’ստի համեցե՜ք, է’ստի համեցե՜ք…»: Անցորդները գլուխներն օրորելով կամ փոխում են մայթը կամ էլ՝ զգուշավոր շրջանցում նրանց:
Օրվա վերջին հոգնատանջ ու առանց արդյունքի մտնում են շենք: Ներսում հավաքված են մի խումբ «նախկիններ», նրանցից մի քիչ անջատ՝ կանգնած են կալանավորված կամ հետախուզման մեջ գտնվող «նախկինների» փաստաբաններ:

Աշոտյանն ու Շարմազանովը սկսում են արկղերից հանել «Մտահոգ քաղաքացի» վերնագրված բլանկները:

Աշոտյանը.

– Էդո, ասիր ընդհանուր քանի հատ էս տպել տվե՞լ:

– Արմեն ջան, դե ընտրություններին մեր ստացած ձայների չափով էլի՝ 59,083:

-Դե կլոր 60 000 կասեիր տպեն, էլի…

-Արմեն ջան, հլա դեռ հարց ա, էդքանից քանիսին կարանք բերման ենթարկենք, որ գան  բլանկները լրացնեն:

– Դուխով, այ իմ ախպեր, ինչ պարտադիր ա էդքանը գան, հեսա էսքանս հերիք ենք էլի «կարուսելի» համար,- ասում է Աշոտյանը, գլխով հավաքվածների կողմը ցույց տալով: Ապա վերցնում է մի բլանկ ու քննախույզ նայում:

-Չէ, ըսենց լավ չի, հարցերը շատ ընդհանուր են, պտի բլանկը մտահոգվածներին հստակ կողմնորոշի, թե ինչից ու ումից են մտահոգված:

Այդ պահին ներս են մտնում «Ադեկվատի» երկու անդամներ՝ ձեռքերը ոլորած ներս հրելով մի մարդու:

-Աշոտյան ջան, հե’սա, մտահոգ քաղաքացի ենք գտել:

Մարդը փորձում է ազատվել նրանցից:

-Այ տղերք, ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք գնամ իմ գործին, իմ դարդին:

Ադեկվատցիք.

-Աշոտյան ջան, էս մեր քացաքացին գնում էր մայթով, մի տեսակ մտահոգ թվաց մեզ, բերեցինք, դե տես, ինքն էլ ա ասում, որ դարդ ունի…

Աշոտյանը.

-Արի եղբայր, բա մենք ինչի՞ համար ենք, որ ՀՀ քացաքացուն իր դարդի հետ մենակ թողնենք, պատմի մեզ, ի՞նչ է արել Նիկոլը քեզ, ինչի՞ ես ուզում, որ նա հեռանա:

Քաղաքացին զարմացած.

-Նիկոլը՞….

– Եղբայր, դու մեզ մոտ հանգիստ կարող ես արտահայտվես, մի վախեցիր, մենք քեզ կպաշտպանենք բռնապետությունից, ասա, սիրտդ բացի մեզ, մի թող մտահոգությունդ քեզ խեղդի:

Քաղաքացին.

-Այ մարդ, դուք հո շառ չե՞ք,- ու փորձում է դեպի դուռը գնալ:

Ադեկվատցիները փակում են նրա ճանապարհը:

Քաղաքացին նայում է շուրջը, հայացքն ընկնում է անկյունում աննկատ մնալ փորձող «նախկիններին»: Մի պահ մտորում է ու դառնում  դեպի Աշոտյանը. Հա’, մտահոգվա’ծ եմ…

Ներկաները մի-մի բլանկ առած՝ ուրախացած վազում են դեպի քաղաքացին: Ամենահետին մութ անկյունից արագ մոտենում է Հրայր Թովմասյանը ու քաղաքացուն մեկնում մի ոսկեզօծ գրիչ՝ ասելով՝ «Քաղաքացի ջան, լրացրու սրանով ու գրիչը քեզ պահի, կվիրավորվեմ, եթե վերադարձնես…»:

Մինչ քաղաքացին սեղանի մոտ նստած լրացնում է բլանկը, Ռուբեն Հայրապետյանը բացում է շամպայնի շշերը, ապա տոնական կրակահերթեր արձակում պատուհանից ու գոչում. Մեր տեսակն ուրիշ ա՜՜ …

Մինչ ներկաները բաժակ բաժակի են զարկում, անկյունում նստած Առաքել Մովսիսյանը լրացնում է թվով 50-րդ բլանկը:

Աշոտյանը.

-Հերիք ա, Շմայս ջան, հերիք ա:

Շմայսը.

-Ախր շատ եմ է՜ մտահոգ…

Շարմազանովը նկատում է, որ քաղաքացին գրելը վերջացրել է:

– Մեր շատ թանկարժեք քաղաքացի ջան, հիմի կամերայի առաջ դուխով կարդում ես գրածդ:

Ապա շրջվում է դեպի օպերատորը.

-Սկսի’:

Քաղաքացին.

-Ես՝ ՀՀ հպարտ քաղաքացիս հայտարարում եմ, որ շատ մտահոգ եմ, որ նախկին հանցավոր ռեժիմի մնացորդներն ստեղ իրար գլխի են  հավաքվել  ու…

Ռուբեն Հայրապետյանը նետվում է դեպի քաղաքացին բղավելով. Արա՜, ես կոշիկներս հմի կմաքրե՜մ վրեդ…

Թովմասյանը. Գրի՜չս, հե’տ տուր գրիչս…

Ներկաները սպառնալից օղակ են կազմում քաղաքացու շուրջ: Այդ պահին դռնից ու պատուհանից ներս են խուժում հնչած կրակահերթերի մասին ահազանգերի հիման վրա եկած հատուկ նշանակության ջոկատայինները, ոլորում Հայրապետյանի ձեռքերը, ով սկսում է գոչել.

-Սպեցնազի կողմից գետնին պառկացվելն ամոթ չի՜, ամոթ չի՜…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments