ՀՅԴ մեծ եւ փոքր դերերը. ժամանակը քիչ է

- in Վերլուծական

Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակը տեղեկություն է տարածել նրա եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպման մասին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերության, հայրենադարձության, առկա ներուժի արդյունավետ օգտագործման, այդ հարցերում ՀՅԴ ծրագրերին առնչվող թեմաներ:

Հանդիպման հանգամանքը հատկապես հետաքրքիր է Զարեհ Սինանյանի Վրաստան կատարած այցի առնչությամբ ՀՅԴ հայաստանյան շրջանակից հնչած քննադատության ֆոնին: Սինանյանին մեղադրել էին Ջավախքում գործող ՀՅԴ մարմիններ՝ Հայ օգնության միություն, Համազգային կրթամշակութային միություն, միտումնավոր չայցելելու համար:
Արդյոք Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հանդիպումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Ո՞վ է եղել հանդիպման նախաձեռնողը, եւ քննարկվե՞լ են այդ թեմաները: Սինանյա՞նն է պարզաբանում տվել իր Վրաստան այցի ծրագրի առնչությամբ, թե՞ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն է պարզաբանում տվել հնչած քննադատության առնչությամբ:

Հայաստան-Սփյուռք հարաբերության առումով ՀՅԴ հսկայական դերի եւ ներուժի հանգամանքը չունի ավելորդ մեկնաբանության անհրաժեշտություն: Միաժամանակ, ՀՅԴ պարագայում անշուշտ կա առանցքային մի խնդիր՝ ձեւաչափով քաղաքական միավորը, քաղաքական կուսակցությունը, իր բովանդակությամբ եւ կառուցվածքով անուշտ վերկուսակցական է, համազգային, համահայկական նշանակալի եւ կարեւոր ցանցերից մեկը: Մյուս կողմից, ՀՅԴ-ն իր քաղաքական ձեւաչափը իրացնում է Հայաստանում՝ արդեն ներքին քաղաքական կյանքի մասնակցի դերով:

Երկու դերերը՝ վերպետական, համահայկական մեծը եւ ներքաղաքական փոքրը, Մասիսի երկու մեծ ու փոքր գագաթների պես մեկ ամբողջություն ու ներդաշնակություն չեն, այլ շատ անգամներ անշուշտ զգալիորեն հակասում են միմյանց հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Օրինակ, որպես համահայկական, վերպետական կառույց՝ դրանից բխող առանձնահատուկ օրակարգով, ՀՅԴ-ն եւ Հայաստանի որեւէ իշխանությունը թերեւս պարտադրված են միմյանց հետ սերտ աշխատանքի, անկախ ներքաղաքական կյանքում եղած տարակարծությունից եւ մրցակցությունից:

Մյուս կողմից, ներքաղաքական կյանքում էլ այդ մրցակցության առկայությունը որեւէ կերպ ուղղակի թե անուղղակի միջամտում է համահայկական օրակարգով գործակցության հանգամանքին: Իսկ ներքաղաքական կյանքում ՀՅԴ-ն ներկայում դիրքավորված է այսպես ասած ընդդիմադիր դաշտում եւ սուր քննադատում է իշխանությանը: Այդ դիրքը ասոցացվում է նախկին իշխող համակարգի հետ, որի հետ ՀՅԴ-ն եղել է կոալիցիոն գործակից: ՀՅԴ լիդերների մի շոշափելի խումբ եղել է այդ համակարգի հետ տնտեսական եւ քաղաքական գործընկերության ու քվոտաների բաշխման ռեժիմում:

Այդ հանգամանքը, ի դեպ, քաղաքական վարկի առումով հանգեցրեց նրան, որ կուսակցությունը հանրության շրջանում սկսեց ասոցացվել ընդամենը մի քանի լիդերների խմբային վարքագծի հետ:

Հետհեղափոխական իրավիճակը առավել սրեց այդ մարտահրավերը ՀՅԴ առաջ՝ ներքին վերափոխման անհրաժեշտության տեսքով: Այդ հարցում նշանակալից փուլ էր թվում Արցախում նախորդ տարի տեղի ունեցած Ընդհանուր ժողովը, որի արդյունքում էլ կուսակցության ղեկավարությունը թողեց նախորդ համակարգի հետ նույնականացվող Հրանտ Մարգարյանն ու ղեկը ստանձնեց կանադահայ Հակոբ Խաչատուրյանը:

Հանգեցրե՞լ է այդ փոփոխությունը ՀՅԴ մեծ եւ փոքր դերերի ներդաշնակեցմանը: Թե՞ ՀՅԴ համար դեռեւս պահանջվում է ժամանակ: Պարզապես այդ ժամանակը չունի թե Հայաստանը, թե հայությունը, թե նաեւ կուսակցությունն ինքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments