Mishik

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կործանիչ է բնորոշել սահմանադրական հանրաքվեն՝ հայտարարելով, որ չի մասնակցի դրա քարոզչությանը, այսինքն՝ չի քարոզի «ՈՉ»:

Հատկանշական է, որ մի շարք այլ քաղաքական և փորձագիտական շրջանակներ, որոնք կապված են նախկին իշխող համակարգի հետ, դարձյալ տալիս են հանրաքվեին կոշտ բնութագրում, որպես աղետալի երևույթ, սակայն ձեռնպահ են մնում այն կանխելու դեմ, այսպես ասած, վճռական քայլերից: Մինչդեռ ենթադրվում է, որ որևէ բան կործանիչ գնահատելու պարագայում, աղետալի ազդարարումների պարագայում պետք է հնչի դրա դեմ միասնական պայքարի կոչը, համախմբման, միասնական ճակատի ձևավորման կոչը: Բայց այդ կոչը չկա, ինչն էլ տարօրինակ է դարձնում վախճանաբանական հայտարարությունները, երբ դրանց չի հաջորդում մոբիլիզացիայի կոչը:

Միևնույն ժամանակ, սակայն, կոչի բացակայությունը պարզ է դարձնում թերևս շատ բան: Կոչը բացակայում է, որովհետև դրան հաջորդելու է լռություն, հիմնականում լռություն: Խոսքը հանրային արձագանքի մասին չէ: Դա այլ հարց է: Կոչի պարագայում՝ համախմբվել և պայքարել կործանիչ երևույթի դեմ, պետք է բնականաբար ակնկալվի միասնականություն այն ուժերի շրջանում, որոնք քննադատում են հանրաքվեն բավականին կոշտ դիրքերից և ազդարարում կործանարար հետևանքի մասին: Համենայնդեպս, կոչը պետք է ենթադրի եթե ոչ՝ նրանց բացարձակ, ապա համենայնդեպս գերակշռող համախմբում այդ պայքարի համար, համախմբում և ըստ այդմ՝ միասնական ճակատի քայլերի իրագործում:

Ամբողջ հարցն էլ այն է, որ համախմբումը տեղի չի ունենալու, և հնչող կոչը կամ կոչերը, ով էլ այն հնչեցնի, ընդամենը պայթեցնելու են քաղաքական փուչիկը կամ տվյալ դեպքում փՈՉիկը (չասոցացնել, իհարկե, 2012-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական գալա հավաքի պայթյունի հետ)՝ ի ցույց դնելով այն ներքին պայքարն ու շահերի բախումը, որ առկա է հակաքարոզչության մեկ շահով միավորված ուժերի ու խմբերի շրջանակում: Դա է պատճառը, որ հնչում են վախճանաբանական կոչեր, սակայն չկա միասնական պայքարի կոչ:

Spread the love