Խորհրդանշական զուգադիպություն էր, որ փետրվարի 6-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանին վերաբերող որոշման քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանը տոնում էր իր 24-ամյակը:

ՍԴ նախագահը մի շնորհավորանք հղեց, որը կարելի է որպես սպասվող հանրաքվեի քվեաթերթիկի նմուշ հաստատել՝ ընդամենն ավելացնելով «Համամի՞տ եք ասվածին» հարցը:

Մեջբերում. «Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում: Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը»:

ՍԴ-ի անդամներին եւ նախագահին գուցե բավարարում է Սահմանադրության՝ ըստ անհրաժեշտության դրվագային վերբալ երկրպագությունը, հասարակությանը՝ ակնհայտորեն ոչ: Եթե շնորհավորական ուղերձում նկարագրվածը իրականություն լիներ, ժողովուրդը ստիպված չէր լինի փողոց դուրս գալ 2018-ին: Եթե ՍԴ նախագահը իր ուղերձում գովաբանված արժեքների անդավաճան կրողն ու աննահանջ պահապանը լիներ, իր ճարտարապետությամբ կազմված նոր Սահմանադրության 2018-ին ուժի մեջ մտնելը կտարածեր առաջին հերթին իր վրա եւ ՍԴ դատավոր ու նախագահ կդառնար նոր Սահմանադրության կարգավորումով, ոչ թե իրավաբանական գիտելիքներով զինված քաղաքական գործիքի դեր կստանձներ՝ հավերժացնելու իր եւ իր քաղաքական թիմի պաշտոնավարումը:

Ամենաուշը ՍԴ շուրջ իրավիճակի լարման առաջին իսկ փուլում որպես մտահոգ պետական այր որպես հանգուցալուծում կառաջարկեր, որ ՍԴ-ի հանդեպ վստահության բարձրացման համար ԱԺ-ն համապատասխան փոփոխություններ նախաձեռներ եւ հարթեր նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետների հետ կապված տարաձայնությունները: Անձամբ պատրաստակամություն կհայտներ պաշտոնավարելու ըստ նոր Սահմանադրության ժամկետների եւ կոչ կաներ իր գործընկերներին նույն կերպ վարվել: Հատկապես որ 2018-ին հաշված օրերի ընթացքում կատարված փաստաթղթային աճպարարությամբ էր հաջողվել նրան հին Սահմանադրության կարգավորումներով ՍԴ նախագահ դարձնել:

ՍԴ նախագահը սակայն գերադասեց թաքնվել Սահմանադրության հետեւում եւ այնտեղից քաղաքական ելույթներ ունենալ: Այստեղ, սակայն, հանուն արդարության պետք է նկատել, որ Հրայր Թովմասյանն ըստ էության ժամանակ չունեցավ ապաքաղաքականացվելու եւ ՍԴ նախագահի դերի մեջ մտնելու: Գործնականում հնարավոր էլ չէր նման կարճ ժամկետում ձերբազատվել քաղաքական ամպլուայից, կուսակցականությունից, կուսակցության եւ դրա առաջնորդի առջեւ պարտավորությունների եւ անցյալի բեռից:

Հրայր Թովմասյանը գուցե հրաշալի մարդ է, հրաշալի ընկեր, հարեւան, քեռի կամ հորեղբայր, տաղանդավոր իրավաբան, բայց ՍԴ երկարաժամկետ նախագահ դառնալու անդրկուլիսային ուղիները բավական էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում այդ պաշտոնի բնույթից բխող անհրաժեշտ հեղինակության մեծ դեֆիցիտ առաջացնեին: «Հին» Հայաստանում այդ դեֆիցիտը աչքի չէր զարնի, նոր իրողությունների պայմաններում սակայն աչք է ծակում…

Ի դեպ, այս համատեքստում չմոռանանք նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի վերջին «ծառայությունը» Սահմանադրական դատարանի դերը «բարձրացնելու» գործում, երբ նա հաշված օրեր առաջ հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից՝ ՍԴ նախագահի մասով հնարավոր դարձնելով «հավերժացում» օպերացիան:

Հիմա ունենք այն՝ ինչ ունենք:  Ջինը շշից բաց է թողնված եւ թեւածում  է  սպասվելիք հանրաքվեի տեսքով:

Փետրվարի 6-ը մեծ հաշվով կարելի է ասել կրկնությունն էր այն իրավիճակի, երբ ՀՀԿ-ն տոնում էր Սերժ Սարգսյանի՝ նախագահական պաշտոնից վարչապետի պաշտոնին անցնելու կոմբինացիան, իսկ հասարակությունն արդեն ծովացել էր փողոցներում՝ պահանջելով նրա հրաժարականը: Սերժ Սարգսյանի վարչապետացումը համահունչ էր Սահմանադրությանը, բայց բացարձակ անհամահունչ հասարակությունում տիրող իրողություններին ու տրամադրություններին: Ինչպես ասում են՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց թղթերն այլեւս մարդկանց չէին հետաքրքրում, առավել եւս՝ համոզում: Հիմա էլ ՍԴ-ն է կառչել այդ կասկածելի արդյունավետությամբ «թղթային» փրկօղակից:

Հաշված օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը ընդունեց, որ 2018 ապրիլի 17-ին գումարված ԱԺ  հատուկ նիստում արտահայտած իր փաստարկը՝ «մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ։ Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը», համոզելու համար պիտանի չէ:

Սերժ Սարգսյանի կարողացավ պահը ճիշտ գնահատել եւ, որքան որ հնարավոր էր ստեղծված այդ իրավիճակում, արժանապատիվ հեռանալ: Հրայր Թովմասյանը բաց է թողել այդ պահը՝ նա այլեւս  արժանապատիվ ո’չ հեռանալ է կարող եւ ո’չ էլ՝ մնալ, անգամ եթե հանրաքվեն ձախողվի:

Իրինա Ղուլինյան-Գերց

Spread the love