Հրայր Թովմասյանն ու ՍԴ նրա թիմը կարող են գնալ նաև այլ ճանապարհով՝  կանխազգալով իրենց պաշտոնները կորցնելու անխուսափելիությունը

- in Վերլուծական

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ։ «Այո»-ի քարոզչական կողմն ու շտաբը ձևավորվել են՝ տարծաքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր՝ թեև արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորելու։

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ»-ի քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020թ-ի փետրվարի 18-ից: Արդեն իսկ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ ձևավորելու են «Ոչ»-ի շտաբը, այլ խոսքով՝ քարոզարշավի երկու հակադիր բևեռներ լինելու են։

Սակայն սա այն դեպքերից է, երբ հանրաքվեն տարբեր հանգամանքների բերումով կարող է նաև չկայանալ՝ գոնե տեսական ենթադրությունների կամ վարկածների մակարդակում։

Օրինակ, տեսականորեն հնարավոր է, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս վեց անդամները մինչև փետրվարի 27-ը օգտվեն վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած հնարավորությունից՝ անիմաստ դարձնելով հանրաքվեի անցկացումը։

Այս ուղղությամբ իշխանության ներկայացուցիչները որոշ քայլեր իրականցանում են։ Նախ՝ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ՍԴ անդամների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնեց՝ առանձին-առանձին կամ խմբով, իսկ այս օրերին հրապարկավ հաստատվեց լուրը, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը խորհրդարանի պատերից դուրս հանդիպումներ է ունեցել է ՍԴ որոշ անդամների հետ։ Այնուամենայնիվ, եթե իրատես լինենք, քիչ հավանական է, որ ՍԴ յոթ անդամները կհամաձայնեն վաղ կենսաթոշակայինին։ Իհարկե, ամենևին չենք բացառում, որ ՍԴ մեկ-երկու անդամ, այնուամենյանիվ, գերադասեն գնալ թոշակի՝ պահպանելով իրենց բարձր աշխատավարձն ու այլ արտոնություններ։ Այդ դեպքում՝ ՍԴ-ում ուժերի հարաբերակցությունը՝ կախված հրաժարական տվող դատավորների քանակից, կարող է որոշակիորեն փոխվել, սակայն հանրաքվեի անցկացումը չի չեղարկվի, եթե անգամ ՍԴ յոթ անդամներից մեկը կամ երկուսը որոշեն չօգտվել վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած «բոնուսից»։

Սակայն տեսական հարթության վրա Հրայր Թովմասյանն ու ՍԴ նրա թիմը կարող են գնալ նաև այլ ճանապարհով՝  կանխազգալով իրենց պաշտոնները կորցնելու անխուսափելիությունը։ Եթե անկեղծ լինենք, ՍԴ «խրամատը» պահելու մոտիվացիան նույն Թովմասյանի մոտ այլևս պետք է վերացած լիներ, որովհետև նույնիսկ ՀՀԿ-ն, որը կոշտ ձևակերպումներ հնչեցրեց իշխանությունների հասցեին, ըստ էության՝ հրաժարվեց աջակցել իր կուսակից ՍԴ նախագահին՝ այդ «առաքելությունը» վերապահելով քաղաքական կշիռ չունեցող իրավապաշտպաններին։

Նման իրավիճակում՝ պրագմատիզմը հուշում է, որ Թովմասյանն ու նրա թիմը կարող են ինքնուրույն խաղ սկսել՝ ընդհուպ օգտվելով վերը նշված օրենքի հնարավորություններից։ Այս պարագայում՝ նրանք կարող են դառնալ այս օրերի գործընթացի հիմնական սուբյեկտները՝ արձանագրելով իրենց մասնակցությունը կամ գլխավոր դերը ճգնաժամի հաղթահարման գործում։

Մյուս կողմից՝ եթե Հրայր Թովմասյանը քաղաքական ամբիցիաներ ունի  և հավակնում է քաղաքական լիդերության նախկին համակարգի շրջանակներում, ինչի մասին գրում են հին համակարգին մոտ գտնվող ԶԼՄ-ները, նա կարող է իր թիմով հեռանալ՝ ոչ թե «երանելի» թոշակի գնալու ակնկալիքով, այլ՝ քաղաքական կոշտ հայտարարությամբ։

Սակայն սրանք տեսական տարբերակներ են ու, ամենայն հավանականությամբ, Հրայր Թովմասյանն ու մյուսները որոշել են մինչև վերջ «կռվել» իրենց «խրամատում» ՝ անգամ հնարավոր կապիտուլյացիայի գնով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments