Ձյան սողանքից փրկված զինծառայողը մանրամասներ է պատմել ողբերգական դեպքից – Լուսանկարներ

- in Հասարակություն
Zinvor

Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան դեպքից հետո «Արմենպրես»-ը  դիմել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ մարտական հերթապահության կազմակերպման գործընթացին ծանոթանալու և նկարահանումներ իրականացնելու համար:

Մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչ բարդ բնակլիմայական պայմաններում են հերթապահություն կրում մեր զինծառայողները: Առատ տեղումներից հետո զորամասից դիրքեր նրանց ճանապարհն անցնում է ձյան՝ մինչև 8 մետր հասնող շերտի միջով: Ձնամաքրման աշխատանքները կատարվում են հատուկ ինժեներական տեխնիկայի միջոցով:

«Մարտական հերթապահությունից հետո վերադառնում էինք զորամաս, երբ ձնահյուս նկատեցինք, ամեն ինչ շատ արագ կատարվեց, չհասցրեցինք ոչինչ ձեռնարկել, չեմ էլ պատկերացնում՝ ինչպես ինձ հաջողվեց փրկվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ձյան սողանքից փրկված զինծառայողը՝ Համլետ Միրզոյանը:

Ծառայակից ընկերների կորուստից Համլետը դեռ ուշքի չի եկել, դժվարությամբ է բառերը շարադրում: Նրա հետ զրույցից միայն կարողացանք պարզել, որ իջնելիս են եղել սարի գագաթից:

Զարմանալի է այն քաջությունը, որ շնորհված է այս պայմաններում ծառայություն իրականացնող տղաներին: Միայն պատկերացնելը, թե ինչ դժվարությամբ են նրանք անցնում դեպի հենակետ տանող ճանապարհը, ինչպես են, կարելի է ասել, աշխարհից կտրված այդ վայրերում, լեռնային բարդ բնակլիմայական պայմաններում կրում մարտական հերթապահությունը, վստահություն է ներշնչում, որ Հայոց բանակն ու հայ զինծառայողն իսկապես անպարտելի են և անընկճելի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments