Մահացել է Երվանդ Մանարյանը

- in Մշակույթ
Pnakalezner

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: 2018 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ցավակցական խոսք ուղղելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Մանարյանն օրինակ էր ազատ մտքի ու անկաշկանդ մտավորականի:

«Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին: Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի: Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»,-նշել է նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս իր ցավակցական խոսքն է ուղղել՝ նշելով, որ Երվանդ Մանարյան արտիստը, մտավորականը, քաղաքացին միշտ կմնա մեր մտքերում ու սրտերում: «Աստված հոգիդ լուսավորի, ՎԱՐՊԵ՛Տ»,-նշել է նա:

Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք էր հղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Սրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ ՀՀ լավագույն քաղաքացիներից, լավագույն արվեստագետներից, լավագույն մտավորականներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, ՎԱՐՊԵՏ>,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միրզոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դերասան Երվանդ Մանարյանի հետ՝ կից գրելով․ «Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments