Մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են խորհրդակցության, իսկ ոստիկանություն թաղապետարանն է հրավիրել

- in Կրթություն
Dproc

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզների տնօրենները փետրվարի 7-ին հրավիրվել են թաղապետարան՝ խորհրդակցության, գրանցամատյաններն իրենց հետ վերցնելու մասին խոսք չի եղել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին մի շարք մանկապարտեզների տնօրեններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ նշված վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է մանկապարտեզների տնօրեններին, այնուհետեւ թաղապետարանում գտնվող ոստիկանությունն առգրավվել է հաստատությունների սննդամթերքի մուտքի եւ ելքի հաշվառման գրանցամատյանները:

Ինչպես մեզ պատմեց թիվ 132 մանկապարտեզի տնօրեն Սիրվարդ Նազարեթյանը, սկզբում եղել է ընդհանուր խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են նախադպրոցական կրթական հաստատությունների, դրանց վերահսկողությանը վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկման ավարտից 15-20 րոպե հետո թաղապետարանում իրենց խնդրել են ներկայացնել գրանցամատյանները: Քանի որ տնօրենները նախապես չեն իմացել, որ դրանք անհրաժեշտ են լինելու, իրենց մոտ չեն ունեցել: Ուստի խնդրել են մանկապարտեզների մյուս աշխատողներին բերել գրանցամատյանները եւ ներկայացրել են: Այնուհետեւ եկել են ոստիկանության աշխատակիցներն ու առգրավել դրանք:

Թաղապետարանում տնօրեններին պարզաբանել են, որ ցանկանում են ստուգել բոլոր մատյանները, քանի որ 1-2 մանկապարտեզներում խախտումներ են արձանագրվել:

Սիրվարդ Նազարեթյանը նշեց, որ թաղապետարանում է եղել մինչեւ ժամը 8:30-9:00-ը:

Թիվ 129 մանկապարտեզի տնօրեն Ելիզավետա Բաբայանը նշեց, որ թեեւ իրենց նախօրոք չեն տեղեկացրել մատյաններն առգրավելու մասին, այնուամենայնիվ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, նրանք փաստաթղթերը ցանկացել են, իրենք էլ՝ տրամադրել:

Նրա խոսքով՝ նմանատիպ խորհրդակցություններ հաճախ չէ, որ կազմակերպվում են, ինքն էլ այդ օրը երկար չի մնացել, շուտ է հեռացել:

Մեր հարցերին վերջինս չցանկացավ ծավալուն պատասխաններ տալ՝ միայն հավելելով, որ տեղյակ չէ՝ որ մանկապարտեզներում են խախտումներ արձանագրվել, եւ իրեն չի էլ հետաքրքրում:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը եւս չպատասխանեց, թե խախտումները նախակրթական որ հաստատություններում են հայտնաբերվել: Նրա խոսքով՝ հայտնի է միայն, որ դրանք կապված են եղել սննդի որակի եւ քանակի պահանջների հետ: Հարցով այժմ զբաղվում են իրավապահ մարմինները, եւ հետագայում կլինի հավելյալ տեղեկատվություն:

Արդյոք 21 մանկապարտեզի տնօրենի հրավիրելը եւ գրանցամատյաններն առգրավելը ընդունելի՞ տարբերակ է, չկա՞ն խնդրի լուծման այլ ճանապարհներ: Հարցին պատասխանելիս Կարապետյանը հղում արեց թաղապետ Մկրտչյանի՝ ավելի վաղ արված գրառմանը, ըստ որի՝ մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտությունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված եւ մեկնարկած խորհրդակցությանը: Այսինքն՝ այդ անհրաժեշտությունը ծագել է հանդիպումից հետո:

Քաղաքապետի խոսնակը հրաժարվեց գնահատական տալ ընտրված մեթոդին՝ նշելով, որ կատարվածի հիմնական նպատակը երեխաներին լավ սննդով ապահովելն է, ու Երեւանի 12 վարչական շրջանների ղեկավարներն այն ապահովելու համար գործում են իրենց մեթոդներով եւ ռազմավարությամբ, իհարկե, եթե դրանք օրենքի սահմաններում են: Ըստ նրա՝ նման քայլեր Շենգավիթի թաղապետարանում ձեռնարկվել են՝ օպերատիվությունից ելնելով:

Նշենք՝ թաղապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկաններին ոչ թե կանչել է, այլ իրենք են եկել, քանի որ կասկածեր են եղել չարաշահումների վերաբերյալ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, պատասխանելով մեր հարցին՝ նշեցին, որ իրենց թաղապետարանից գրություն է ուղարկվել, թե կասկածում են, որ իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների փաստաթղթերում կան կեղծիքներ: Ոստիկանության համապատասխան խումբը գրության հիման վրա այդ օրն այնտեղ է գնացել եւ առգրավել գրանցամատյանները: Այժմ դրանք ուսումնասիրվում են, եւ նախապատրաստվում են նյութեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments