Մարտի 1-ին ում էր ուղարկել Բակոն՝ Քոչարյանին օգնության․ Մարտի 1-ի գործով վկայի ցուցմունքը – Լուսանկարներ

- in Իրավունք
Bako Sahakyan

Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Ա․ Ա․-ի ցուցմունքը։

2003 թվականից մինչև 2015 թվականը բնակվել եմ Արցախի Հանրապետությունում, որտեղ մեկնել էի ազատագրված տարածքներում աշխատելու նպատակով։ 2003-2011թթ․ աշխատել եմ Քաշաթաղի շրջանի Տանձուտ և Արծվաշեն գյուղերում՝ որպես հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի և փոխտնօրեն, որից հետո ժամանակ առ ժամանակ եկել եմ Երևան՝ սպասելով Արցախում նոր աշխատանքի անցնելու համար, բայց մինչև օրս աշխատանքի չեն կանչել։

Ես համացանցից տեղեկացել եմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով քաղաքացիներին, որ եթե վերջիններս 2008թ․ մարտի 1-ի վերաբերյալ որևէ տեղեկություն իմանան, ապա դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ես 2008թ․ մարտի 1-ի վերաբերյալ ձեռք եմ բերել որոշակի տվյալներ, որոնցով ցանկանում եմ կիսվել։ NewsTime.am էլեկտրոնային լրատվականի «Մարտի 1-ին ում էր ուղարկել Բակոն՝ Քոչարյանին օգնության» վերտառությամբ հոդվածի առաջնային նկարում պատկերված է Կուճի Գագո մականվամբ տղամարդը, որը շատ հայտնի մարդ է Ստեփանակերտում, բոլորը նրան ճանաչում են, և իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջինս աշխատում է Ղարաբաղի «սպեցնազում»։ Նշեմ, որ երբ ես առաջին անգամ տեսա NewsTime.am էլեկտրոնային լրատվականի հիշյալ հոդվածը, ես այն կիսվեցի իմ ֆեյսբուքյան էջում, որից հետո նշված պոստի տակ մեկնաբանություն կատարեց իմ ֆեյսբուքյան ընկեր «Давид Павлович Осипов» անունով օգտատերը, որին ես չեմ ճանաչում, պարզապես ընդունել եմ վերջինիս ընկերանալու հայտը՝ ենթադրելով, որ վերջինս արցախցի է։ «Давид Павлович Осипов»-ը հոդվածում երևացող առաջին նկարի վերաբերյալ մեկնաբանություն էր գրել, որ «Կուճի Գագոն է, իսկ նրա կողքինը ես եմ»։ Դրանից հետո ես ջնջեցի «Давид Павлович Осипов» օգտատիրոջ կողմից գրված նշված մեկնաբանությունը և նրան «Մեսենջեր» հավելվածի միջոցով անձնական նամակով գրեցի՝ «Բարի երեկո, էդ մարդը ստեփանակերտցի՞ է, Կուճի Գագո՞ն, սև շորո՞վը», ինչին նա պատասխանեց՝ «Ինքն ա, կողն էլ ես եմ», ու հպարտ սմայլիկ դրեց, ես հարցրի՝ «էդ ո՞ր նկարի մեջ», ինքը պատասխանեց՝ «Մեր սպեցնազն ա», ես էլ, որպեսզի ավելի շատ տեղեկատվություն քաղեմ, սկսեցի հարցեր տալ՝ «Դու էլ էիր էդտեղ, ստիպողաբա՞ր են բերել։ Էն չաղն ինքն է փայտը ձեռը, նիհարը՝ դո՞ւ», ապա հորդորեցի, որ նման մեկնաբանություն այլևս չգրի, այլ անձնական նամակով նման բաներ գրի, իսկ նա պատասխանեց՝ «կեցցե Ղարաբաղի սպեցնազը», ես գրեցի՝ «Դավիթ, ես վախեցա», իսկ նա գրեց՝ «մի՛ վախեցիր, լոխ լյավ ա»։ Նշեմ, որ դրանից հետո ես տարբեր մարդկանց հարցրի, թե ով է պատկերված նշված հոդվածի առաջին նկարում, և ինձ ասացին, որ ձախ կողմի գեր տղամարդը, որի ձեռքին փայտ կա, Ղարաբաղի սպեցնազի Կուճի Գագոն է, իսկ կողքի նիհար տղային ոչ ոք չի ճանաչել, ինչպես նաև «Давид Павлович Осипов» անվամբ օգտատիրոջը, քանի որ վերջինիս նկարները խառը բնույթի են։ Ես չեմ կարող ասել, թե Կուճի Գագոյի կողքի նիհար տղան իրականում «Давид Павлович Осипов-ն է, թե մեկ այլ անձ, սակայն իրականում «Давид Павлович Осипов»-ն ինձ անձնական նամակով «Մեսենջեր» հավելվածի միջոցով գրել է, որ կողքի տղան ինքն է հանդիսանում։

NewsTime.am էլեկտրոնային լրատվականի «Մարտի 1-ին ում էր ուղարկել Բակոն՝ Քոչարյանին օգնության» վերտառությամբ հոդվածի հղումն է՝ https://newstime.am/ ?p=28736: Ցուցմունքիս կից ներկայացնում եմ NewsTime.am էլեկտրոնային լրատվականի «Մարտի 1-ին ում էր ուղարկել Բակոն՝ Քոչարյանին օգնության» վերտառությամբ հոդվածի իմ և «Давид Павлович Осипов»-ի երկխոսության սքրինշոթը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments