Մաքրում է չարաշահումները, «Գազելներով» փաստաթուղթ է դուրս բերվում. ՌՈ պետի ազատմանը պետք է հաջորդի իրավական գործընթաց

- in Ով ով է ...

Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ստացել վարչապետից: Ինչպես հայտնեցին նախագահականից, նրանք են՝ Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը:

Թեև ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն մեր տեղեկություններով՝ այսօր ամբողջ օրվա ընթացքում Արթուր Բաղդասարյանը և նրա մտերիմները Ռազմական ոստիկանությունում «խառն» են եղել։

Մեր աղբյուրը փոխանցեց, որ նա ինչ-որ փաստաթղթեր է հավաքել, հրահանգներ տվել փաստաթղթերը կարգի բերել, որպեսզի հնարավոր ստուգումների դեպքում չարաշահումները չերևան։ Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը «մաքրում» է չարաշահումները, որպեսզի, Սերժ Սարգսյանի ասածի պես՝ թղթերով սաղ նորմալ լինի։ «Առավոտից ամբողջ ՌՈ անձնակազմը զարմացած է, թե ինչ է կատարվում ներսում։ «Գազելով» թղթեր են հանում Ռազմականից, թղթերից բացի՝ պահեստներից ինչ-որ ապրանքներ են տեղափոխում, թե ինչ են դրանք, մենք չեն կարող ասել։ Վառելիքի համար պատասխանատու Բեգլարյան Աշոտը առավոտից վազում է այս ու այն կողմ, թղթեր է տանում-բերում։ Անձնակազմին ասում են, թե սուտ են Բաղդասարյանի հրաժարականի լուրերը, բայց տակից թղթաբանությունն են դզում-փչում, մարդկանց նշանակման հրամաններ են տալիս, քանի որ փողեր են վերցրել ու պետք է հասցնեն նշանակեն, հրամանները տան։ Հիմա այս օրերին կտեսնեք՝ ինչ նշանակումներ կլինեն»,- ասաց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը շրջանառվեցին երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո, սակայն այդ պաշտոնանկության իրական պատճառը ոչ այնքան բանակում խաղաղ պայմաններում զոհերն են, որքան վերջին մի քանի օրվա ընթացքում բացահայտումները Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, ինչպես նաև հեղափոխության ժամանակ նրա արձակած ապօրինի հրամանների՝ մեքենաները քշել ժողովրդի վրա, խաղաղապահներին ճնշել ժողովրդին միանալու համար և այլն։

Օրինակ՝ նախօրեին մենք գրել էինք, որ ՌՈ ներկա ծառայողների խոսքերով՝ Բաղդասարյանը, բացի 4-5 հազար դոլարով կադրային առևտրից, նաև վաճառում է համակարգին հատկացված վառելիքը, որը պահվում է հատկապես մարզային ստորաբաժանումներից։ Որոշ տեղեկություններով՝ ամսական մոտ 20-30 տոննա բենզինի վաճառք է իրականացվում ՌՈ պետի միջոցով։ Մեր աղբյուրը պատմեց, որ մոտավորապես 20 տարի, անգամ ՌՈ նախկին պետերի ժամանակ և առ այսօր, բենզինի վաճառքը իրականացվել է Աշոտ Բեգլարյանի միջոցով։ Նա նախկինում զինվորական էր, ուսադիր էր կրել, սակայն հետո թոշակի է գնացել, բայց առ այսօր Ռազմական ոստիկանությունում է աշխատում և պատասխանատու է բենզինի լիցքավորման կետի համար։ Գլխավոր «զապրավշիկն» է։ «Նրան բոլոր պետերը պահում են, քանի որ հենց ինքն է գլխավոր շուլերը։ Հենց նա է փաստաթղթերով ամեն ինչ նորմալ սարքում։ Դրա համար էլ նա միլիոնատեր է, ՊՆ-ի կողքը սեփական տներ ունի, յաշիկով է ման գալիս, կինը գեղեցկության սրահ ունի Կոմիտասում»,- պատմեց մեր աղբյուրը՝ հավելելով, որ եթե ավելի վաղ մամուլի հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվեր և, օրինակ, Աշոտ Բեգլարյանը հարցաքննվեր, ապա ամեն ինչ կբացահայտվեր։ Բայց ոնց տեսնում ենք, մեր հրապարակումից հետո ոչ մի արձագանք չեղավ, իսկ հիմա «մաքրման» աշխատանքներ են տարվում»։

Վառելիքի վաճառքից զատ, ուշագրավ է, որ մեր հրապարակումներից հետո պատկան մարմիններից ոչ մի արձագանք չի եղել, թեև արդեն պետք է մի քանի քրեական գոր հարուցված լիներ։

Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է՝ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությանը պետք է հաջորդի նաև իրավական գործընթաց։

Ինչ վերաբերում է նոր ՌՈ պետի հավանական թեկնածուներին, ապա, մեր տեղեկություններով՝ 3 հավանական անուն է շրջանառվում։ Առաջինը Աշոտ Զաքարյանի անունն է շրջանառվում, որը մինչև հեղափոխությունը ՌՈ Երևանի բաժնի պետն էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվեց Վանաձորի ՌՈ պետ։ Նա համարվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմը։ Հաջորդ հավանական թեկնածուն Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանն է, որն այդ պաշտոնից ազատվեց անցած տարվա հոկտեմբերին։ Նա համարվում է Դավիթ Տոնոյանի ամենամոտիկ ընկերը։ Երրորդ հավանական թեկնածուն ՌՈ պետի նախկին տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանն է, որը վերջին շրջանում բարձրաձայնում էր ՌՈ-ում տիրող բարքերի մասին։

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ Դավիթ Տոնոյանին թեկնածու առաջարկելու և հատկապես ընտրություն կատարելու հնարավորություն չի տրվելու, քանի որ նա միանշանակ տեղյակ է եղել ՌՈ-ում կատարվող ամեն ինչից, սակայն ընթացք չի տվել։ Իսկ որ նա չէր կարող տեղյակ չլինել՝ միանշանակ է, քանի որ Ռազմական ոստիկանության շատ բարձրաստիճան մի պաշտոնյա պաշտպանության նախարարի մտերիմ ընկերն է, և մեր աղբյուրների խոսքերով՝ Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունում կատարվող ամեն ինչից տեղյակ է եղել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments