Մեքենայի արժեքը սխալ ներկայացնելուց մինչև իրացման նպատակի կեղծում.ինչ հնարքի են դիմում ներմուծողները

- in Տնտեսական
avtoner

Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: 

«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ:

«Տնտեսավարողները երբեմն մաքսազերծման ժամանակ կատարում են ծախսերի ինվոյսային արժեքների խեղաթյուրում` դրանց նվազեցմամբ կամ բարձրացմամբ: Մաքսազերծման փուլում ավելի ցածր ինվոյսային արժեք ներկայացնելով՝ նրանք նպատակ ունեն հետագայում իրացման փուլում ավելի ցածր իրացման արժեքներ ցույց տալ, հետևաբար ավելի քիչ հարկեր վճարել: Երբեմն էլ փորձում են ապրանքի արժեքից ավելի բարձր ինվոյսային արժեքներ ներկայացնել, որի նպատակը ծախսերն ուռճացնելու միջոցով ավելի քիչ շահութահարկ վճարելն է:

Այս իրավախախտումները, մոտեցումներն անընդհատ տրանսֆորմացիաների են ենթարկվում, երբ մենք փորձում ենք որևիցե ուղղության վրա վարչարարությունն ավելի խստացնել, փորձում են այլ մեթոդների դիմել»,-ասաց Սաֆարյանը:

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը 2019-ին իրականացրել է 515 գործարքի վերլուծություն, որի ընթացքում իրականացվել է 76 ստուգում: Դրանց արդյունքներով արձանագրվել է 304 մլն դրամի խախտում: 40-ից ավելի դեպքում հայտնաբերվել է սխալ ծածկագրով հայտարարագրում, հայտնաբերվել են նաև պակաս հայտարարգրված մաքսային արժեքների դեպքեր, ցածր ինվոյսային արժեքներ: 2018-ին իրականացված ստուգումների քանակը եղել է 40, 2017-ին` 26: Սաֆարյանը նկատեց՝ թե ստուգումների քանակի, թե արձանագրված գումարի մասով դինամիկա կա:

Սաֆարյանը պատմեց տնտեսավարողների հնարամտությունների մասին: Ցածր ինվոյսային արժեք  ներկայացնելու համար նրանք երբեմն փորձում են ապրանքների դիմաց վճարումների մի մասը կատարել կանխիկ եղանակով, մի մասը` անկանխիկ, փոխանցումներով: Այսինքն՝ տնտեսավարողները նախքան ներմուծելը պայմանավորվածություն են ձեռք բերում: «Օրինակ, որևիցե ապրանքի դիմաց կատարվել է բանկային փոխանցում և որոշակի արժեքով ապրանքները ֆիքսվել են, և այնտեղից դուրս է գրվել հաշիվ-ապրանքագիր: Ներմուծման ժամանակ մաքսային մարմինները տեսնում են, որ հաշիվ-ապրանքագրում նշված գումարը և փոխանցումը համընկնում են: Սակայն դեպքեր են լինում, երբ գումարի որոշակի չափը վճարվում է կանխիկ եղանակով, փոխադարձ համաձայնությամբ այդ գումարները չեն ֆիքսվում, և հաշիվ-ապրանքագրերում ֆիքսվում են միայն բանկային փոխանցումների չափով արված գումարները: Հիմնականում նման խնդիրներ ավելի շատ հանդիպում են Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից և Թուրքիայից ներմուծվող ապրանքների մասով»,-ասաց Սաֆարյանը:

Սակայն մաքսային ծառայությունը տեղեկատվության փոխանակման միջպետական պայմանագրերի հիման վրա հարցումներ է ուղարկում այդ երկրների իր կոլեգաներին, այնտեղից ստանում պատասխաններ: Սաֆարյանն ասվածի համար վառ օրինակ հիշեց: Վերջերս ստուգման ժամանակ պարզվել է, որ կազմակերպությունը Եվրոպայից ներմուծել է բեռնատար ավտոմեքենա, որի արժեքը մաքսային ծառայության համար շատ կասկածելի է թվացել: Կազմակերպությունը, սակայն, ներմուծման ժամանակ ներկայացրել է բանկային փոխանցում, հաշիվ-ապրանքագիր, և առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է եղել: «Մենք, քանի որ ունեինք կասկածներ, տվյալ երկիր հարցում ուղարկեցինք` գործարքի իսկությունը ճշտելու նպատակով: Եվ մեր կոլեգաների պատասխանի հիման վրա տեսանք, որ իրականում ինվոյսային արժեքը շատ ավելի բարձր է, քան ներկայացվածը, նույնիսկ մեզ տրամադրեցին կանխիկ վճարման կտրոնը: Կազմակերպության հետ կապված ստուգում իրականացվեց, խախտումն արձանագրվեց և տնտեսավարողը վճարեց»,-ասաց նա:

Բացի թաքցրած գումարից, հնարքի դիմած տնտեսավարողը վճարում է նաև տուգանքներ և տույժեր: Հնարամիտ տնտեսավարողները պակաս մաքսատուրք վճարելու նպատակով երբեմն դիմում են նաև այլ տարբերակի՝ սխալ հայտարարագրելով ապրանքի ծածկագիրը, որտեղ փորձ է արվում ապրանքների համար տալ սխալ նկարագիր: «Ծածկագրերը թվային նշաններ են, որոնցից օրինակ առաջին երկուսը նկարագրում է ինչ-որ խումբ, երրորդ, չորրորդ թվանշաններն ավելի կոնկրետացնում են ապրանքի տեսակը, և այդ ամբողջ թիվը կոնկրետ նկարագրում է ապրանքը: Ցանկացած նկարագրի համար կան սահմանված մաքսատուրքի չափեր: Մեկ թվանշանի շեղումը կարող է բերել մաքսատուրքի որոշակի տոկոսադրույքի փոփոխություն»,-ասաց Սաֆարյանն ու շեշտեց՝ իրենց վերլուծական կարողությունների ավելացումը, կատարելագործումն ուղղված է հենց նրան, որ կարողանան հենց սահմանին  նույնականացնել ապրանքը և համեմատելով այն ծածկագրերը, որոնք ներկայացրել են տնտեսավարողները, փորձեն սահմանին չեզոքացնել:

Նա վստահեցրեց՝ ներկայում աբսուրդ սխալ դասակարգումներ, երբ օրինակ փորձեն մի ապրանքային ծածկագրի ներքո ներմուծել լիովին այլ ապրանք, վաղուց արդեն չկան: Եթե նախկինում հնարավորությունները թույլ չէին  տալիս նման վերլուծություններ անել, նման աբսուրդ դեպքեր լինում էին, բայց հիմա գնալով ավելի կատարելագործվում են: Սակայն տնտեսավարողները շատ հնարամիտ են և երբեմն դիմում են տարբեր այլ հնարքների: Հետբացթողումային պրոցեսում մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը նախորդ տարում հայտնաբերել է մի շարք նման դեպքեր:

Կան ապրանքատեսակներ, որոնք կոնկրետ նպատակների համար ներմուծման դեպքում ազատվում են մաքսատուրքից կամ դրանց համար գործում են ավելի ցածր մաքսատուրքեր: Եղել է դեպք, երբ ֆիքսել է, որ ներմուծված հումքն օգտագործվել է ոչ թե նշված նպատակով, այլ ուրիշ նպատակի համար, իսկ եթե ներմուծված լիներ հենց այդ նպատակով, ապա ավելի բարձր մաքսատուրքեր պետք է վճարվեին: «Միջազգային համաձայնագրի հիման վրա, եթե թուղթը ներմուծվում է գիրք տպագրելու նպատակով, ապա ազատվում է մաքսատուրքից, այլ ցանկացած դեպքում կիրառվում է 3,5,9,10 տոկոս դրույքաչափ: Եղել է, որ ներմուծման ժամանակ նպատակը նշվել է գրքի տպագրության համար, սակայն հետագայում արձանագրվել է, որ թուղթն օգտագործվել է այլ նպատակի համար»,-ասաց Սաֆարյանը:

Տեխնիկայի ներմուծման ժամանակ ըստ դրանց կենցաղային և պրոֆեսիոնալ նշանակության մաքսատուրքերը տարբեր են, պրոֆեսիոնալ տեխնիկայի համար նախատեսված մաքսատուրքերն ավելի ցածր են: Եվ եղել է, որ տնտեսավարողները փորձել են իրենց ներմուծած տեխնիկան ներկայացնել որպես պրոֆեսիոնալ: Սաֆարյանը բացահայտումներից նշեց նաև ԱՄՆ-ից և Ճապոնիայից ապրանքների ներմուծման ժամանակ հաշիվ-ապրանքագրերում ներկայացվող արժեքների խեղաթյուրման մասին: «Եթե ավտոմեքենաները ձեռք են բերվել աճուրդներից, ապա մենք հիմք ենք վերցնում այդ ինվոյսները, և մաքսազերծումն իրականացնում հենց այդ ինվոյսային արժեքներով: Սակայն հայտնաբերել ենք դեպքեր, երբ տնտեսավարողները կամ ֆիզիկական անձինք աճուրդներից ձեռք բերված մեքենաների համար ներկայացել են խեղաթյուրված ինվոյսային արժեքներ: Այսինքն` համակարգչից սքրինշոթ են անում աճուրդից ձեռք բերված փաստաթուղթը, որտեղ արժեքն է նշվում, և արժեքի մասը փոխում և փորձում են դրանով մաքսազերծել»,-ասաց նա:

Տնտեսավարողներին դասակարգվում են ըստ ռիսկայնության, և ստուգումներն իրականացվում են ըստ դրանց: Ներմուծում իրականացնող կազմակերպություններին վերլուծության արդյունքում դասակարգում են երեք խմբերի` ցածր, միջին և բարձր ռիսկային խմբեր: 2019-ին իրականացվել է 9100 կազմակերպության համար ռիսկային մակարդակի դասակարգում: Եթե կազմակերպությունն իր գործունեության ընթացքում չի ունեցել իրավախախտումներ, մաքսային ռեժիմի խախտում, հայտնվում է ցած ռիսկային գոտում, իսկ այն կազմակերպությունները, որոնք այլ գործելաոճ են դրսևորել և ժամանակ առ ժամանակ հայտնվել են հետբացթողումային հսկողության վարչության տեսադաշտում, դասակարգվում են միջին կամ բարձր ռիսկային խմբերում: Բարձր ռիսկային գոտում հայտնված տնտեսավարողի ցանկացած գործարք, ներմուծում վերլուծության առարկա է: «Եթե որևէ կազմակերպությունում խախտում է արձանագրվել, անընդհատ մոնիտորինգ ենք իրականացնում` տեսնելու` այդ խախտումներն առկա են, թե կազմակերպությունը փոխել է իր գործելաոճը: Վերլուծական կարողությունները թույլ են տալիս օնլայն ռեժիմով տեսնել տնտեսավարողի խախտումները»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու մաքսազերծման ընթացքում չեն կարողանում լիովին բացահայտել այդ խախտումները` Սաֆարյանը նշեց` համաշխարհային մաքային կազմակերպության որդեգրած քաղաքականության հիման վրա` առևտրի դյուրինացում և այլն, ապրանքների բացթողնման ժամկետի կրճատմանն ուղղված աշխատանքներ են տարվում: Ամբողջ աշխարհում հնարավորինս արագ մաքսազերծում իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների կոլեգիալ որոշմամբ որոշում է կայացվել շեշտադրումները նախաբացթողումային փուլից տեղափոխել հետբացթողումային փուլ: Այսինքն՝ հնարավորինս արագ սպասարկել տնտեսավորողներին սահմանին, հետո հետբացթողումային փուլում, եթե կան խախտումներ, անդրադառնալ դրան: Կա ԵԱՏՄ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության միասնական ցուցիչ, որը հաշվարկում է օգտակարության գործակիցը: 2018-ին ՀՀ հետբացթողումային հսկողության վարչության ցուցիչը եղել է 29.15, 2019-ն ամփոփել են 62.56-ով: Մոտ 2.5 անգամ ցուցանիշը բարելավվել է: Սաֆարյանը համոզված է, որ փոփոխությունները, որ հիմա անում են, աշխատանքները գնալով ավելի լավը կդարձնեն, ցուցիչը կբարելավեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments