Մոսկվան կասեցրեց հայկական պլանը. ՌԴ ԱԳ փոխնախարարի խոստովանությունը

- in Կեղտոտ լվացք
paterazm

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ արցախյան հարցին ու այդ թվում ապրիլյան քառօրյա պատերազմին:

Ըստ նրա, Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել այդ պատերազմի դադարեցման հարցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերին հրավիրելով Մոսկվա:

Ապրիլյան քառօրյա պատերազմը շրջադարձային կետ էր թե Արցախի հարցի ռազմա-քաղաքական գործընթացի, թե ընդհանրապես ռեգիոնալ հարաբերությունների ու անվտանգային համակարգի համար: Այդ պատերազմը փակուղի մտցրեց Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունն ու նաեւ այդ դիվանագիտությունը սնուցող Ռուսաստանին:

Ռուսաստանը փակուղուց փորձեց դուրս գալ Հայաստանին Իսկանդերի մատակարարումով, միաժամանակ դրանով փորձելով ձեւավորել ալիբի՝ ապրիլյան քառօրյային հաջորդած եւ փաստացի արցախ-ադրբեջանական սահմանը ճանաչող Վիեննայի օրակարգը Ադրբեջանի հետ մեկտեղ չեզոքացնելու համար: ԱՄՆ առաջ քաշած այդ օրակարգը, ինչպես հետո ուղիղ հայտարարեց Բաքուն, ստատուս-քվոն ճանաչելու օրակարգն էր:

Կհաջողվե՞ր Բաքվին խուսանավել այդ օրակարգից, եթե ադրբեջանական ագրեսիայով մեկնարկած քառօրյա պատերազմը կանգնեցվեր այլ հարաբերակցության պայմաններում, երբ հայկական վերահսկողության տակ անցած կլինեին ադրբեջանական տարածքներ: Ռուսաստանցի փորձագետ Եվսեեւը քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ Ռուսաստանը փաստորեն կասեցրել է հայկական հակագրոհը:

Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի հանդիպման առնչությամբ պատերազմից որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ծանոթ չէ ինչ մանրամասներ էին քննարկել շտաբերի պետերը Մոսկվայում:

Դա առնվազն տարօրինակ հայտարարություն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը խոսում է այն մասին, որ ծանոթ չէ հակառակորդի հետ իր ԶՈՒ ԳՇ պետի բանակցության մանրամասներին: Արդյոք Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, չի բխել հայկական շահից: Ադ դեպքում ինչու՞ է Սերժ Սարգսյանը գնացել այդ քայլին՝ ինչու՞ է Խաչատուրովին ուղարկել Մոսկվա:

Խաչատուրովին ուղարկելով Մոսկվա, Սերժ Սարգսյանը ցուցադրաբար մեկնեց Բեռլին՝ Մերկելի կողքին խոսելով 80-ականների սպառազինության եւ հզոր դաշնակից չունենալու մասին:

Ռուսաստանը առանցքային նշանակություն է ունեցել ապրիլյան պատերազմը դադարեցնելու հարցում, որովհետեւ պատերազմը չդադարեցնելու պարագայում այն ավարտվելու էր Ռուսաստանի պարտությամբ: Մինչդեռ, Մոսկվան իհարկե այդ ակնկալիքով չէ, որ հասունացնում էր ապրիլյան քառօրյան: Պարզապես քառօրյան սկսելով կազանյան պլանին համահունչ, շարունակվեց ըստ հայկական պլանի՝ երբ Հայաստանի զինուժն ու հասարակությունը ինքնիշխան կերպով պահեցին առաջին հարվածը:

Մեծ հաշվով, Մոսկվան ապրիլյան քառօրյայում կասեցրեց հայկական ռազմա-քաղաքական պլանի ծավալումը: Խաղաղությունն անշուշտ թանկ բան է, սակայն կասեցված պլանները սովորաբար առերեւույթ են կապ ունենում խաղաղության հետ: Խորքային առումով դրանք հակոտնյա են հաստատուն խաղաղություն պարտադրելու տրամաբանությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments