Նախագահը ստորագրեց, բայց բանակը պահանջում է նաեւ կանգնեցնել գրոհը

- in Կարծիք

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ռազմական ոստիկանության պետին եւ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետին պաշտոնանկ անելու վարչապետ Փաշինյանի առաջարկը: Այդ որոշումը վարչապետը կայացրել էր բանակում վերջին շրջանում հաճախակիացած մահվան դեպքերի վերաբերյալ խորհրդակցության արդյունքում:

Մահվան ողբերգական եւ վտանգավոր վիճակագրությունը հասունացրել էր պաշտոնանկություններ: Որքանո՞վ են դրանք բավարար լինելու իրավիճակի էական փոփոխության համար: Անկասկած է, որ բանակում առկա իրադրությունը պահանջում է թե ընթացիկ կադրային-կարգապահական օպերատիվ լուծումներ, թե ռազմավարական քայլեր, խորքային վերափոխումների համար:

Դրան զուգահեռ, բանակի շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, որը պարարտ հող է դարձել անձնական, քաղաքական, տարաբնույթ խմբային խնդիրներ լուծելու համար: Այդ ընթացքում հարվածի տակ է հայտնվում նաեւ բանակը, պետությունը, զինվորի հանդեպ այսպես ասած մտահոգության քողի տակ:

Մեդիա եւ սոցցանցային դաշտը ողողվել է տեղեկատվությամբ եւ կարծիքներով, որոնցում ուղղակի բացահայտ են օրինակ նոր իշխանության հետ քաղաքական եւ անձնային հարցեր լուծելու փորձերի մասին վկայող տեքստերը: Նույնքան դատապարտելի է անշուշտ հակառակ ուղղությամբ որեւէ թիրախավորում՝ առանց հստակ փաստերի:

Իրավիճակը խիստ մտահոգիչ է, երբ օրինակ ինչ որ աշխատասենյակի համակարգչի առաջ նստած հնարավոր է տեղեկություն տարածել, թե բանակի մթնոլորտը ներքաղաքական մթնոլորտի հետեւանք է, թե «սեւի ու սպիտակի» հետեւանք է: Մինչդեռ, ողբերգական այդ միջադեպերը եղել են նաեւ նախկինում՝ երբ «գերեզմանային կայունություն» էր, ինչպես տարիներ առաջ կասեր մի ՀՅԴ-ական լիդեր, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր հերթական փուլում էր:

Կամ որեւէ աշխատասենյակում համակարգչի առաջ կշարվեն տեղեկություններ բանակում սպայական միջին եւ ստորին օղակներում իրավիճակին չտիրապատելու, կառավարման թելերը կորցնելու մասին, կամ ակնհայտորեն աղմուկ եւ իրարանցում առաջացնելու միտված տեղեկություններ զինված ուժերի ներկայացուցիչների արտերկրյա դասընթացների մասին, որոնք վերաբերում են ծառայության բարեվարքության թեմաներին:

Գիտակցվու՞մ է  պատասխանատվությունը պետության անվտանգության երաշխավոր բացառիկ կառույցի, ինքնիշխանության բացառիկ երաշխավորի, ինչ որ իմաստով անգամ հանրային կոնսենսուսի բացառիկ ինստիտուտի հանդեպ, նաեւ պետության հանդեպ: Թե՞ հաճախ այդ ամենը հարվածի տակ է դրվում ակամա, չգիտակցված:

Առավել մտահոգիչ է, երբ դա տեղի է ունենում այնպիսի միջավայրում, երբ Հայաստանից պահանջվում է ինքնիշխանության առավելագույն կարողություն՝ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները հետ մղելու եւ եղած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար:

Վերջին հաշվով, հանրությունը պետք է արձանագրի եւ որոշի, որ առաջնային լուծում պահանջող հարց է մարդկային կյանքի կորուստ կանգնեցնելը, բայց նաեւ այդ հարցից բացարձակապես անկախ է ողբերգական կորուստները բանակին ու պետությանը թիրախավորելու նպատակով օգտագործեու փորձը: Ժամանակն է թերեւս մտածել այդ խնդիրը լուծելու ոչ միայն վարքականոնային, այլ նաեւ իրավական մեխանիզմների մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments