Ո՞վ է ներքաղաքական օրակարգ և զարգացում թելադրողը

- in Ով ով է ...

Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում ներկայումս արդիական հարցն այն է, թե ինչպիսին է լինելու կյանքը սահմանադրական հանրաքվեից հետո: Հանրաքվեն հեղափոխություն է, հեղափոխության երկրորդ շունչ, կամ երրորդ՝ եթե հաշվի առնենք, որ երկրորդը եղել է այսպես ասած դատարանների շրջափակման ակցիան, որով լուծվեց ԲԴԽ հարցը:

Երկրորդ, թե երրորդ, թերևս էական էլ չէ: Էականն արդեն այն է, թե լինելո՞ւ է արդյոք չորրորդը, թե ի վերջո հաջողելու է հասարակական-քաղաքական կյանքը բերել մի ռեժիմի, որտեղ իրողությունները թելադրեն այլ քաղաքական վարքագիծ թե իշխանությանը, թե մնացյալ քաղաքական սուբյեկտներին: Այստեղ Հայաստանի համար առանցքային հարցն է՝ ով կամ ինչն է թելադրում ներքաղաքական վարքագիծ և օրակարգ:

Կհաղթի «այո-ն, թե կհաջողի ոչ-ը, մեծ հաշվով կլինի դարձ ի շրջան յուր, եթե չի հստակեցվում այդ հարցը՝ ով է ներքաղաքական օրակարգ և զարգացում թելադրողը, ինչի՞ց է բխում այդ օրակարգը: Եթե այն շարունակելու է բխել «անցյալի ուրվականից», ապա հանրաքվեն կարող է կատարել իր լոկալ խնդիրը՝ լուծել ՍԴ հարցը, բայց խոշոր առումով կարող է վերածվել անիմաստ, դատարկ կրակված կարևոր արկի, քանի որ չի լուծել ներքաղաքական դիսկուրսը նոր մակարդակի բերելու գլխավոր խնդիրը:

Մյուս կողմից, իսկ ընդհանրապես ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը, և ինչու՞ այդ խնդիրը չլուծվեց հեղափոխությունից հետո: Չէ՞ որ հեղափոխությունն ինքնին «հանրաքվե» էր, հետո մեկ այլ հանրաքվե էր խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Ինչո՞ւ առաջացավ ևս մեկ անհրաժեշտություն: Որովհետև իշխանությունը ժամանակի՞ն չլուծեց հարցը, ինչպես շատերն են պնդում այսօր, թե՞ որովհետև հեղափոխությունը բոլորին մատնեց մի պարզ շփոթմունքի, այդ թվում իհարկե նաև իշխանությանը. չկա հանցավոր համակարգը, ու ստացվում է, որ չկա նաև ներքաղաքական կյանքի շարժիչ:

Իշխանությունը այդ իրավիճակում շատ ավելի ճկուն լինելու բազմաթիվ հնարավորություններ ուներ, որոնք էլ օգտագործում է, թեև ավելի շատ սպառման ռեժիմով, որովհետև այդ հնարավորություններն անվերջ չեն: Սակայն իշխանության սպառման հանգամանքը ամենևին չի նշանակելու մյուս քաղաքական ուժերի կամ սուբյեկտների հաշվի համալրում:

Հայաստանում անցել է ժամանակը, երբ ընդդիմության հաջողության աստիճանն այսպես ասած ուղիղ համեմատական էր իշխանության անհաջողությանը, ընդդիմության վարկանիշը ուղիղ համեմատական էր իշխանության վարկի բացակայությանը: Ընդ որում, այդ ժամանակը սկսել էր էապես անցնել անգամ դեռևս հեղափոխությունից առաջ: Այն անվերադարձ է հեղափոխությունից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments