Նիկոլ Փաշինյանը բերել է սարսափելի օրինակը. զգուշացում Բաքվին

- in Հրապարակ

«Այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այն ստատուս քվոն, որ այսօր կա, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել է եւ ցանկանում է պաշտպանել իր ապրելու իրավունքը: Ոչ թե ցանկացել է ինչ-որ մեկին վատություն անել եւ տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը: Ոչ մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս», Բեռլինում փետրվարի 13-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում հանդիպմանը, պատասխանելով ադրբեջանցիների հարցին:

Նրանցից մեկն էլ հարցրել է, թե Ջաբրայիլից է, բայց չի կարողանում գնալ իր ծննդավայր: Հայաստանի վարչապետն էլ հիշեցրել է, որ կան բազմաթիվ շահումյանցիներ, որոնք չեն կարողանում գնալ Շահումյան, որովհետեւ այնտեղ եղել են էթնիկ զտումներ:

Շահումյանի հարցը հայկական դիվանագիտությունը երբեք չի օգտագործել, կամ օգտագործել է շատ պասիվ: Մտադի՞ր է արդյոք Երեւանն աշխուժացնել այդ հարցն իր դիվանագիտական զինանոցում, թե՞ վարչապետն առայժմ զգուշացնում է:

Կասկածի տակ դնել ստատուս-քվոն, նշանակում է կասկածի տակ դնել Արցախի հայության կյանքի եւ պաշտպանության իրավունքը: Դա է բխում Հայաստանի վարչապետի հայտարարությունից, որ ներկայիս իրավիճակը, ներկայիս ստատուս-քվոն արդյունք է լոկ այն բանի, որ Արցախի հայությունը ցանկացել եւ ցանկանում է ապրել պաշտպանված:

Հայաստանի վարչապետն այդ հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգային համաժողովի բացման շեմին, որտեղ քննարկվելու են միջազգային անվտանգության հարցերը: Արցախի հարցը եւս միջազգային անվտանգության կարեւոր հարց է, կամ ավելի շուտ՝ արցախցիների ապրելու եւ պաշտպանված լինելու իրավունքը միջազգային անվտանգության հարց է:

Այդ տեսանկյունից էլ հատկանշական է Նիկոլ Փաշինյանի բերած օրինակը՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացումն Ադրբեջանում: Այդ օրինակը Արցախի հարցի քաղաքակրթական ասպեկտի մի կողմից ողբերգական, մյուս կողմից ցցուն օրինակ է, որը վկայում է արցախահայության կյանքի ու պաշտպանվածության եւ միջազգային անվտանգության համակարգի կառուցվածքի ու բովանդակության շաղկապվածությունը, չնայած ուղիղ փոխկապակցվածության թվացյալ բացակայությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments