Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Գերմանիայի հանրապետություն, եռօրյա այցով, ինչպես հայտնում է կառավարության հաղորդագրությունը: Այցը սկսվելու է Բեռլինից, որտեղ վարչապետը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, նաեւ Գերմանիայի խորհրդարանի նախագահի հետ, ելույթ է ունենալու կառավարող մեծամասնության մասնակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում:

հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մյունխեն, որտեղ տեղի է ունենալու անվտանգության միջազգային համաժողովը: Դրան չեն մասնակցի ԱՄՆ, Գերմանիայի, ՌԴ, Մեծ Բրիտանիայի առաջնորդները: ԱՄՆ, Ռուսաստանն ու Գերմանիան կներկայանան արտգործնախարարների մակարդակով: Բայց կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նաեւ Կանադայի վարչապետը, Մյունխենում է լինելու Իրանի արտգործնախարարը: Համաժողովին մասնակցելու է նաեւ Իլհամ Ալիեւը:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտնել էր, որ Մյունխեն մեկնելը լիարժեք հաստատված չէ, քանի որ համարում են, որ օրակարգի ոչ բոլոր հարցերն են համաձայնեցված: Թե հատկապես ինչ հարցեր են, որ Երեւանի համար համաձայնեցված չեն, վարչապետը չէր մանրամասնել: Դրանք առնչվում են Հայաստան-Եվրոպա հարաբերությա՞նը՝ մասնավորապես նաեւ Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի համատեքստում, թե՞ չհամաձայնեցված հարցերն առնչվում են Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը:

Հայաստանի վարչապետը նախկինում նշել է, որ դեմ չէ համատեղ այդ հարթակներն օգտագործել շփումների համար: Միեւնույն ժամանակ, անկասկած յուրաքանչյուր իրավիճակ ունի առանձնահատկություն, եւ Մյունխենից առաջ կա նոր իրավիճակ, մասնավորապես երեք հարթությունում: Ադրբեջանում տեղի ունեցավ խորհրդարանի արտահերթ ընտրություն, այդ երկրին բնորոշ խայտառակ ընթացքով: Եվրոպան ու ԱՄՆ համարեցին այն ոչ ժողովրդավարական, իսկ Պուտինը շնորհավորեց Ալիեւին: Այդ ընտրությունը դիտարկվում է Ադրեջանի ներսում ներիշխանական եւ ներկլանային պայքարի համատեքստում:

Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՍԴ հարցի առիթով հանրաքվեի գնալու որոշման մասին, կոչ անելով հանրությանն Այո ասել հեղափոխությանը:

Մի քանի օր առաջ Ժնեւում տեղի ունեցավ համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը տեւեց 11 ժամ եւ արժանացավ մեծ ուշադրության:

Գերմանիա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի կարող այդպիսի հանդիպումներում խոսվել որեւէ բան, որ դուրս է իր հրապարակային հայտարարություններից: Այլ կերպ ասած, Երեւանը Մյունխենից առաջ պնդեց իր դիրքերի կոշտացումը: Դա Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանն ընդառաջ կոշտացո՞ւմ էր, թե կոշտացում էր որպես պայման՝ հանդիպման նախապատրաստման առնչությամբ, դժվար է ասել:

Հետաքրքիր է, որ Մյունխենում է լինելու Ֆրանսիայի նախագահը, որն արտգործնախարարների Ժնեւի հանդիպման շեմին հեռախոսազրույց էր ունեցել Ալիեւի հետ: Արդյոք հենց Մակրոնն է փորձում Մյունխենում հասնել Փաշինյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման:

Երրորդ հարթությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին զարգացումներից եւ արտգործնախարարների հանդիպումից դուրս, միջազգային հարթակն է, որտեղ բախումնային վիճակ է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը բավական անհարմար դրություն է նաեւ Ադրբեջանի համար:

Spread the love