Նման հայերը պետք է հայտարարվեն անցանկալի անձ, ու նրանց մուտքը Հայաստան պետք է արգելվի

- in Պնակալեզներ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, ճիշտ կլինի արհամարհել Անդրանիկ Միհրանյանին ու իր նմաններին. «Տապալվել է հենց Միհրանյանը, որովհետև ռուսները խաղադրույք են արել, որ Հայաստանը պետք է անօգնական մնա ու դուրս չգա համաշխարհային քաղաքականություն, բայց դա տեղի չունեցավ։

Ինքը, Գևորգ Միրզայանը, Կուրղինյանը տապալվել են, որովհետև նրանք Կրեմլի հանձնարարությունները չեն կարողանում կատարել, Հայաստանը չեն կարողանում տապալել։ Նրանք ընդամենը Կրեմլի ծառաներն ու գործակալներն են։ Եթե այսպես են խոսում, ուրեմն Հայաստանի գործերը լավ են գնում»։

Շիրինյանը նաև կարծում է, որ նման հայերը պետք է հայտարարվեն անցանկալի անձ, ու նրանց մուտքը Հայաստան պետք է արգելվի. «Ժողովուրդը պետք է դիրքորոշում ունենա, նրանք հիմա պետք է համապատասխան վերաբերմունքով թռուցիկներ ստանային։ Նրանք այն բոլշևիկյան զանգվածն են, որ Հայաստանը հանձնեց թուրքերին, ժողովուրդը պետք է նրանց արհամարհի։ Ռաֆայել Պատկանյանն ասում էր՝ ո՞վ է հայը, ու պատասխանում՝ նա, ով Հայաստանի ազատության ու անկախության համար կպայքարի, մնացածներն արմյաշկա են»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը համարում է, որ Միհրանյանը, ռուսական պրոպագանդայի այլ գործիքներ, Հայաստանում հինգերորդ շարասյան ներկայացուցիչները զբաղված են իրենց բնորոշ գործունեությամբ, և նրանց վրա կենտրոնանալու փոխարեն պետք է հստակեցնել մեր անելիքները, գործել հեղափոխական կառավարության տրամաբանության շրջանակներում: «Մեր իշխանությունները ապաշնորհ քաղաքականություն են վարում, առաջնահերթ հարցերի վերաբերյալ ոչ սկզբունքային մոտեցում են ցուցաբերում։ Մեր առջև հեղափոխությունից հետո շատ մեծ դռներ բացվեցին՝ ոչ միայն օրենքի, արդարության երկիր դարձնելու իմաստով, այլև պահանջատեր լինելու հնարավորություն ստեղծվեց այն բոլոր կորուստների նկատմամբ, որ մենք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում։ Բայց մենք դրա փոխարեն տեսնում ենք իշխանության անտարբերություն սկզբունքային հարցերի, իրավական փաստաթղթերի նկատմամբ, որոնց անտեսումը ոչ թե քաղաքական փորձի բացակայություն է, այլ պարզապես ազգային դավաճանություն։ Եթե այդ ամենն արվեր, ձեր նշած մարդիկ քիչ կխոսեին, իրենց խոսածն էլ մեծ աղմուկ չէր հանի»,- ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանություններն ապաշնորհ քաղաքականություն են վարում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցում, բայց դա ամենևին չի նշանակում, որ ռուսական պրոպագանդայի գործիքները պետք է նմանօրինակ հայտարարություններով հանդես գան. «Օրինակ՝ հայտնի դարձավ, որ թուրքական սուզանավը ամերիկյան ականակրի ուղեկցությամբ մուտք գործեց Սև ծով։ Սա հավանաբար հերթական արտաքին ճնշման նախապատրաստությունն է Ռուսաստանի նկատմամբ։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ ռուս-թուրքական քաղաքականությունը սրվելու է։ Սա մենք պետք է հաշվի առնենք։ Մեզ համար այնքան նպաստավոր իրավիճակ է ստեղծվում, որից չօգտվելը հիմարություն էլ չէ, այլ ազգային դավաճանությունը հենց սա է»։

Վարդանյանի խոսքով՝ նշյալ անձը ու իրեն հովանավորողները չորրորդական նշանակության մարդիկ են, մեր երկիրը պետք է սկզբունքային հարցերի լուծում տա: «Մենք ի՞նչ պատասխան պետք է տանք մեր նախնիների հիշատակին, ամոթ չի՞, որ մեզ ստրուկի նման ենք զգում, ստրկացած իրավիճակում պետք է առաջ շարժվենք։ Ի՞նչ տնտեսական հեղափոխություն կարող է լինել մի երկրում, որն ընդհանրապես իր ինքնուրույն տնտեսությունը չի տնօրինում։ Հոգնեցինք խոսելով մեր երկաթգծի վիճակի մասին, սայլը տեղից չի շարժվում, նույն հանցագործները մնում են իրենց տեղում ու շարունակում իրենց հանցագործությունները։ Աստված չանի՝ պատերազմ սկսվի, նորից մեր մատաղ երեխաներին պետք է զոհաբերենք, որ սահմա՞ն պահենք։ Ո՞ւմ վրա ենք հույս դրել, շատ եմ մտահոգված, գնալով ավելի ու ավելի շատ եմ զայրանում»,- եզրափակեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments