Ով կփոխարինի Վահագն Վերմիշյանին. Ուշագրավ որոշում

- in Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից` ուրախ իրադարձություն»:

Տխուրն ու վիրավորականը հասկանալի է, իսկ ուրախ իրադարձություն է, «քանի որ եթե ՀՀ–ում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու` իշխանության կամքին` հիմա նրանք կհասկանան` ամեն ինչ շատ ավելի լուրջ է»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը: Եթե իսկապես նա նշանակվի, ապա չափազանց ուշագրավ որոշում կլինի այն առումով, որ նա, այսպես ասած, «նախկիններից» է:

Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական և կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից հինգ ամիս անց: Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, ապա՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները:

Ի դեպ, նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքը տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշման կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի:

Ղուլարյանը իջևանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ, ու այս հանգամանքը կարող է էական դեր խաղալ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments