Rus zinvor

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու համար: Դեսպանատան մամուլի պատասխանատուն ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել է, որ դա արել են այն սպառնալիքների կապակցությամբ, որ ստանում է Ռուսաստանի դեսպան Երոխովը՝ կապված Իդլիբի իրավիճակի հետ:

Ինչպես հայտնի է, սիրիական Իդլիբում Ռուսաստանն ու Թուրքիան առճակատման մեջ են, եւ պայմանավորվելու փորձերը առայժմ չեն ստացվում: Այդ իրադրությունն իր հերթին պայմանավորված է նոր իրողություններով, որոնց որոշակի մեկնակետ կարող է դիտվել 2020 թվականի հունվարի 3-ին ամերիկյան հարվածը Բաղդադում, իրանցի գեներալ Սոլեյմանիի շարասյանը:

Իրավիճակի այդ առանձնահատկության մասին է խոսում եւ այն, թե ինչ էր արել Անկարայում ՌԴ դեսպանատունն օրերս, համացանցում հարց ուղղելով Թուրքիային, թուրքական հանրությանը՝ արժե՞ վստահել ԱՄՆ գործընկերությանը, թե ոչ: «Ընտրությունը ձերն» է, որոշակիորեն աննախադեպ քայլ էր կատարել Անկարայում ՌԴ դեսպանատունը:

Դրանի՞ց հետո են հաջորդել սպառնալիքները: Թե՞ սպառնալիքը առիթ է, իսկ բուն խնդիրն այն է, որ մի կողմից առճակատման մեջ գտնվելով Իդլիբում, Ռուսաստանը մյուս կողմից ունի Անկարայում մահացու հարված ստանալու անհանգստություն: Բանն այն է, որ Մոսկվան մեկ անգամ ստացել է այդ հարվածը՝ երբ նոր էին հաշտվել Սիրիայում ռուսական օդանավի խոցումից հետո: Անկարայում ցուցահանդեսի ժամանակ ցուցադրաբար գնդակահարվեց Ռուսաստանի դեսպանը:

Արդյոք Մոսկվան կանխարգելիչ քայլ է կատարում, Թուրքիային հորդորելով ուժեղացնել դեսպանատան անվտանգությունը, այդպիսով Անկարային դնելով անմիջական պատասխանատվության տակ: Բանն այն է, որ նախկին՝ սպանված դեսպանի առումով Ռուսաստանը նույնիսկ արդարացրեց Թուրքիային, Պուտինի մակարդակով հայտարարելով, թե կա «երրորդ ձեռք», որն ուզում է վնասել ռուս-թուրքական հարաբերությանը:

Մոսկվան կամ «երրորդ ձեռքից» է պաշտպանվում, կամ ուղղակի վախենում է, որ Էրդողանի ձեռքը կարող է չդողալ երկրորդ ռուսական դեսպանին էլ սպանելու հարցում, իսկ դա արդարացնելն արդեն Պուտինի համար կլինի խայտառակություն: Բայց, այդ դեպքում ի՞նչ անել: Եվ Մոսկվան թերեւս որոշել է չգնալ փորձության եւ դիմել է Անկարային դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու համար:

Ի դեպ, այդ առումով անհրաժեշտ է աչալրջություն Հայաստանում, մասնավորապես Գյումրիում, որտեղ ռուսական 102-րդ ռազմակայանն է, պարբերաբար տարբեր աստիճանի աղմկոտ խնդիրներում հայտնվող անձնակազմով: Չկա որեւէ երաշխիք, որ Պերմյակովն այնտեղ վերջինն էր:

Ռուս-թուրքական յուրահատուկ հարաբերությունը պահանջում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանի անվտանգության ուժեղացում, զորանոցային ռեժիմի խստացում: Ռազմակայանը կարող է դառնալ պոտենցիալ թիրախ: Առավել եւս, որ Թուրքիայի համար հիմնարար տագնապի խնդիրն անշուշտ հայկական հարցն է: