Ուղիղ. ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի մամուլի ասուլիսը

- in Տեսանյութեր
PEK

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին, նույնիսկ առանց ներմուծված մարդատար ավտոմեքենաներից առաջացած գանձումների ազդեցության, ունեցել է պետբյուջեում մաքսային մուտքերի աճ: 2020-ին կանխատեսվում է ավելի քան 15 տոկոսի աճ:

Հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ անդրադառնալով մաքսային մարմինների կողմից պետբյուջե ապահովված մուտքերին:

«Բավականին շատ է խոսվում մաքսային մուտքերի վրա ավտոմեքենաների ազդեցության մասին: Նույնիսկ եթե չեզոքացնենք ավտոմեքենաների ազդեցությունը պետական բյուջեի մուտքերի վրա, միևնույն է, մաքսային մարմինները 2019-ին ունեցել են մաքսային մուտքերի աճ: Իսկ 2020-ին ակնկալում ենք մոտ 15 տոկոսի և ավելի մաքսային մուտքերի աճ՝ 2019-ի հետ համադրելի ցուցանիշի նկատմամբ»,- ասաց Ներսիսյանը:

Հայաստան մտած բեռնատարների միայն 38 տոկոսն է այսօր սահմանային անցակետերում ենթարկվում ռենտգեն սարքավորումներով զննման՝ նախկին 100 տոկոսի փոխարեն:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Նախկինում բոլոր սահմանային կետերում բեռներ փոխադրող բոլոր տրանսպորտային միջոցներն անցնում էին 100 տոկոս սկանավորում: Այսինքն՝ մենք սահմաններին ունենք ռենտգեն սարքավորումներ, և բոլոր բեռներն այս սարքավորումներով անցնում էին: Մենք 2019-ի հուլիսից Բագրատաշենի անցակետում սկսել ենք պիլոտային ծրագիր, այն պրոյեկտվելու է նաև մնացած անցակետերի վրա: Այս պահին ռիսկերի կառավարման համակարգը աշխատեցնելով սահմանը հատած ընդամենը 38 տոկոս բեռներն են, որ սկանավորվում են»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ սահմանին տոտալ վերահսկողությունից անցել են թիրախային հսկողության;

1-2 ամսվա ընթացքում մնացած անցակետերում ևս գործելու է ռիսկերի կառավարման համակարգի վրա հիմնված սկանավորում: Ներսիսյանը սա տնտեսավարողների համար համարեց էական փոփոխություն:

Նախկինում ԵԱՏՄ-ից Հայաստան ժամանած բոլոր տրանսպորտային միջոցներն անցնում էին փաստաթղթային ձևակերպումներ: «Իրականում դրանք միայն բնապահպանական հարկ պետք է  մուծեին, բայց անցնում էին բավականին երկար փաստաթղթավորման ճանապարհ: Եվ մոտ 35-40 րոպե ծախսվում էր այդ փաստաթղթավորումն ապահովելու համար: Ներկայում այդ ամբողջ գործընթացը, փաստաթղթաշրջանառությունը վերացած է, և նրանք միայն բանկում բնապահպանական հարկն են մուծում և դուրս գալիս անցակետից»,-տեղեկացրեց Ներսիսյանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից 2019-ին ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, ընդհանուր բյուջեին տվել է ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ, հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, և մենք միասնական բյուջեից ստացել ենք ավելի շատ: 2019-ի բոլոր ամիսներին, բացառությամբ դեկտեմբերի, Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է»,-ասաց Ներսիսյանը:

2019-ին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 63 մլրդ 422 մլն ՀՀ դրամ: ԵԱՏՄ երկրներից ՀՀ է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ։ 2018-ի կեսերից և 2019-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ բյուջեին գնալով ավելանում է։ «Սա խոսում է մեր ուժեղացված վարչարարության և ԵԱՏՄ գործընկերների հանդեպ ազնիվ գործընկերային հարաբերությունների մասին»,-ասաց Ներսիսյանը:

Նա նշեց՝ Հայաստանի հավաքագրած մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, բաշխվում են՝ գնալով ընդհանուր բյուջե:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments