Ում է զգուշացնում Մոսկվան Երեւանում. չի ստացվի առերեսում առանց Հայաստանի

- in Վերլուծական

Ռուսաստանը զգուշավորությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, Մոսկվայի համար կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հասարակական կոնսենսուսը, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, երբ նրան հայաստանցի լրագրողները հարցրել են նախկին երկու նախագահների գործի մասին:

Ու՞մ է զգուշացնում Ռուսաստանի դեսպանը՝ Հայաստանի կայունության ու հասարակական կոնսենսուսի առումով, պաշտոնական Երեւանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին՝ որպեսզի նրանք իրենց պաշտպանական մարտավարությունը հաշվարկելիս չդիտարկեն քայլեր, որոնք ենթադրում են իրավիճակի ապակայունացման ռիսկով ճնշում իշխանության վրա:
Հայաստանի կայունությունը Ռուսաստանի համար անշուշտ ձեռք է բերել բազմապատիկ կարեւորություն ռուս-թուրքական թեժ առերեսման պայմաններում, որի առիթն Իդլիբն է, սակայն խորքը՝ Կովկասն ու մասնավորապես հայկական հարցը:

Ամբողջ խնդիրն այն է սակայն, թե ինչ է Հայաստանի կայունությունը Ռուսաստանի համար՝ նպատա՞կ, թե միջոց: Անկասկած է՝ Մոսկվան չի ուզում խնդիր ունենալ Հայաստանում, երբ լրջագույն առերեսման փուլում է Անկարայի հետ: Կայունության հետ կապված խնդիր Հայաստանին էլ պետք չէ, անկախ նրանից, թե այդ առնչությամբ ինչ ցանկություն ունի Մոսկվան: Ըստ այդմ, եթե խնդիրը հուզում է Մոսկվային, ապա այստեղ Մոսկվայի համար մտահոգության եւ ինքնազգուշացման թիրախը պետք է լինի Գյումրու ռուսական ռազմակայանը եւ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայությունը:

Մոսկվան պետք է կայունության երաշխիք ստեղծի Հայաստանում գործող իր այդ միավորներում, ապահովագրելով դրանք որեւէ սադրանքից:

Հայաստանի կայունության երաշխիքները Հայաստանի հանրության ձեռքում են, եւ թերեւս ամուր ձեռքում:

Ինչի՞ համար է Հայաստանի կայունությունը պետք Մոսկվային՝ Հայաստանի հետ խոսելու՞, թե՞ առանց Հայաստանի խոսելու համար, պարզապես՝ որ Հայաստանը հանկարծ չշեղի:

Այստեղ է հարցը, որովհետեւ եթե Մոսկվան պատրաստվում է Անկարայի հետ խորքային առերեսման, բայց առանց Հայաստանի, ապա այդ դեպքում գուցե Հայաստանի կայունություն ասվածի տողատակում ընդամենը նկատի է առնվում «տեղներս հանգիստ նստելու» հանգամանքը՝ մինչեւ Մոսկվան ու Անկարան կպայմանավորվեն հերթական անգամ:

Այստեղ է հարցերի հարցը, ու դրան է, որ Մոսկվան պետք է պատասխանի: Այդ համատեքստում է, որ խորքային առումով հասկանալի կլինի թե Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանում նախկին նախագահների ներգրավվածությամբ գործընթացներին, այդ թվում դատական, եւ թե դրանց նշանակությունը Հայաստանի համար՝ ընդ որում որոշակի պարագայում հնարավոր է նույնիսկ լիովին հակառակ տրամաբանությամբ նշանակությունը, քան առայժմ տարածված ընկալումները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments