Դիվանագետի օրվա առիթով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Երեւանում Գրիբոյեդովի հուշարձանին, նաեւ Երեւանի գերեզմանատանը՝ հայ դիվանագետների շիրիմներին: Այդ մասին կարդում ենք օրվա լրահոսում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ դեսպանը խոսել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության, եղբայրության, ռազմավարական շահերի եւ հետաքրքրությունների մասին, ասելով, թե Ռուսաստանը գնահատում է սերտ գործակցությունը:

Ու՞ր է քո եղբայր Աբելը, Կոպիրկին, թերեւս արժե հարցնել Հայաստանում ՌԴ դեսպանին, որը խոսել է հայ-ռուսական դարավոր եղբայրության մասին: Եղբայրներն անշուշտ ունենում են տարաձայնություններ, տարբեր շահեր, տարբեր քայլեր են անում, բայց հնարավո՞ր է պատկերացնել, որ մի եղբայրը վավերացնի մյուս եղբոր դավադիր սպանության թուղթը եւ տասնամյակներ շարունակ երդվի այդ թղթին հավատարմության մասին:

Խոսքն իհարկե ռուս-թուրքական հայտնի պայմանագրի մասին է, որի 100-րդ տարելիցը կլրանա  1921 թվականին: Վերջին մի քանի տարիներին այդ պայմանագրի հանդեպ հավատարմության, Աթաթուրքի հետ եղբայրության ու բարեկամության վերաբերյալ ՌԴ ղեկավարության երդումները իհարկե 100-ի չեն հասնի, բայց թե այդ երդումները, թե դրանց համատեքստում կատարված մի շարք քայլեր լիուլի ստեղծում են այդ հարցի հիմքը՝ «ուր է քո եղբայր Աբելը, Կոպիրկին»: Կամ, գուցե՝ հարգարժան դեսպան Կոպիրկին, ո՞վ է քո եղբայր Աբելը, կողմնորոշվիր: Հատկապես որ մոտենում է անկեղծության պահը՝ հայասպան պայմանագրին հավատարմության երդման հոբելյանական առիթը:

Այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռեգիոնում ունեն ընդհանուր էական շահեր, ռազմավարական եւ դաշնակցային աշխատանքի հիմնարար ուղղություններ, աներկբա է: Միեւնույն ժամանակ, դեսպանը խոսում է այն մասին, թե Ռուսաստանը գնահատում է սերտ գործակցությունը: Այն դեպքում, երբ սերտ գործակցությունը բոլոր դեպքերում, բոլոր հանգամանքներում եւ անգամ ապրիլյան քառօրյա հասունացնելու պայմաններում գնահատել է Հայաստանը:

Ինչն է գնահատել ապրիլյան քառօրյայից առաջ Հայաստանի սպառազինությունն ուշացրած, իսկ մինչ այդ էլ դրա վերաբերյալ մամուլի արտահոսքեր կազմակերպած Ռուսաստանը, պարզ չէ: Այն, որ քառօրյայից հետո Հայաստանը ստացել է Իսկանդեր, կամ թավշյա հեղափոխությունից հետո ստանում է ռազմավարական նշանակության նոր սպառազինություն, խիստ ողջունելի է, բայց դա ոչ թե գնահատական է, այլ ընդամենը «մեղքի զգացում» եւ արձագանք ստեղծված նոր իրողություններին:

Հայաստանի հետ ռազմավարական հարաբերության գնահատման պահը նոր է մոտենում՝ 1921 թվականի մարտի 16, երբ հարյուր տարի առաջ ռուս-թուրքական պայմանագրով «բարձր» գնահատվեց հայկական սուբյեկտության ոչնչացման պարտավորությունը Թուրքիայի առաջ:

Մնու՞մ է Ռուսաստանն այդ պարտավորությանը հավատարիմ, թե՞ ոչ: Դա է գործնականում երաշխիքը, թե ինչպես է գնահատում Ռուսաստանը հայ-ռուսական բարեկամությունը, եղբայրությունն ու ռազմավարական դաշնակցությունը:

Spread the love